Արմինֆո.Ադմինիստրատիվ ռեսուրսը քարոզչության համար օգտագործելն «արջի ծառայություն» է, այսօր կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ մեկնաբանելով մամուլի հրապարակումները, որ որոշ գերատեսչությունների և մարզային կառույցների ղեկավարներ վարչական ռեսուրսներն օգտագործում են խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քարոզչության համար:
«Մտնում ենք նախընտրական փուլ և բոլորին խստագույնս զգուշացում, որ նման ծառայություններն «արջի ծառայությունե են լինելու, անկախ նրանից, թե որ կուսակցության շահն են իրենք ներկայացնում: Հատուկ ուշադրություն դարձրեք այս երևույթին»:
ՀՀ ԿԸՀ որոշմամբ, պաշտոնական նախընտրական քարոզարշավը մեկնարկում է մարտի 5-ին և ավարտվում է մարտի 31-ին: Քվեարկությունը կընթանա ապրիլի 2-ին՝ ժամը 8:00-20:00: Նախնական արդյունքները կհրապարակվեն մինչև ապրիլի 3-ի ժամը 20:00: Դրանք կլինեն առաջին ընտրությունները` 2015 թվականին սահմանադրական բարեփոխման ընդունումից հետո, որը նախատեսում է անցում կառավարման խորհրդարանական ձևի: