
Արմինֆո. Հայաստանում Բելառուսի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու դեմ:
«Լրագրողի արտահանձնումը մի երկրի, որի զինծառայողներն օգտագործում են պատերազմ վարելու՝ ԻԼԻՊ-ականներին բնորոշ մեթոդներ, լուրջ հարված է խոսքի ազատության և ազատ տեղաշարժի իրավունքներին: Դատապարտում ենք Բելառուսի գործողությունները, ինչպես և ՀՀ ԱԳՆ անգործությունը : Ինչո՞վ է զբաղվում է Բելառուսում Հայաստանի դեսպանը, ո՞րն է նրա առաքելությունը: Կարծում ենք, որ Հայաստանի դեսպանը պետք է հետ կանչվի, ինչպես պետք է Երևանը լքի Բելառուսի դեսպանը»,- Բելառուսի դեսպանատան առջև լրագրողներին հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը:
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր հերթին հնչեցրել է «Ելք» դաշինքի հայտարարությունը. «Փետրվարի 7-ին Բելառուսի իշխանությունների որոշմամբ` հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրա դեմ քրեական գործ է հարուցվել Լեռնային Ղարաբաղ այցելելու, Ղարաբաղի մասին դրական գնահատականների համար: Բաքվի օդանավակայանում Լապշինին, ինչպես վտանգավոր հանցագործի, ուղեկցել են դիմակավորված հատուկջոկատայիններ՝ ակնհայտորեն ցուցադրական նպատակներով:
«ԵԼՔե դաշինքը խստորեն դատապարտում է Բելառուսի իշխանությունների՝ խոսքի ազատության իրավունքը ոտնահարող այս քայլը եւ այն համարում վիրավորանք հայ ժողովրդի հասցեին: Լապշինի արտահանձնումը վկայում է նաեւ, որ ՀԱՊԿ-ում եւ ԵՏՄ-ում Բելառուսի դաշնակցային կարգավիճակը Հայաստանի նկատմամբ կրում է ձեւական բնույթ եւ չի կարող Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման գործոն լինել: «ԵԼՔե դաշինքը ՀՀ իշխանություններից պահանջում է ետ կանչել Բելառուսում ՀՀ դեսպանին եւ սառեցնել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ»
Հայաստանում Բելառուսի դեսպանատան մոտ հավաքված մի քանի տասնյակ ցուցարարներ վանկարկել են «Հեռացիր», «Ազատ, անկախ Արցախ»: Բելառուսի դեսպանատնից ցուցարարներին ոչ ոք չի մոտեցել, միայն առաջարկել են բոլոր նամակները թողնել դեսպանատան հատուկ փոստարկղում:
Փետրվարի 7-ին Բելառուսի գերագույն դատարանը հիմնավոր է ճանաչել Մինսկի քաղաքային դատարանի՝ հունվարի 26-ի վճիռը, որով օրինական էր համարվել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ Բելառուսի գլխավոր դատախազության որոշումը: Նույն օրը երեկոյան բլոգերին տեղափոխել են Բաքու: