Արմինֆո.Հայաստանը ՀԱՊԿ-ում պետք է բարձրացնի երրորդ պետությունների հետ կազմակերպության անդամ երկրների հարաբերությունները կարգավորելու հարցը՝ կառույցի շարքերում խնդիրներից և թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով: Այդ մասին ՀՀ ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նախագահ,
նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ դիմելով ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին:
Նա ընդգծել է, որ դա վերաբերում է բոլոր ասպեկտներին՝ ռազմաքաղաքական համագործակցությունից մինչև քաղաքական համագործակցությունը: «Անհրաժեշտ է կարգավորել բոլոր ասպեկտները՝ սկսած անդամ երկրների կողմից երրորդ պետություններին զենքի վաճառքից մինչև, օրինակ, այնպիսի հարցեր, ինչպես՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնումը: Ստացվում է, որ ՀԱՊԿ անդամ երկիրը /Բելառուսը/ գործում է՝ ի վնաս կառույցի մեկ այլ անդամի /Հայաստանի/՝ հօգուտ երրորդ երկրի /Ադրբեջանի/՝ այդպիսով նպաստելով կոնֆլիկտային գոտում /Լեռնային Ղարաբաղ/ իրավիճակի սրմանը»,- հայտարարել է Հարությունյանը՝ հայտնելով, որ հայկական կողմն անպայման կբարձրացնի այդ հարցը ՀԱՊԿ ԽՎ-ում:
Նրա խոսքով, ստեղծված իրավիճակը հանգեցրել է այն բանին, որ սկսել են ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու կոչեր հնչել, ինչը, Հարությունյանի կարծիքով, անթույլատրելի է: «ՀԱՊԿ-ը Հայաստանին անհրաժեշտ է նույնքան, որքան Հայաստանը՝ ՀԱՊԿ-ին»,- ասել է նախկին վարչապետը: