Արմինֆո.«Ալեքսանդր Լապշինի ձերբակալումը և նրա արտահանձնումը չի կարող որևէ նշանակություն ունենալ Արցախում լրագրողների ու իրավապաշտպանների աշխատանքի համար: Այդ աշխատանքը համարվել և միշտ կհամարվի իրավաչափ. սա է սկզբունքը», - հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման թաթոյանը:
«Ա.Լապշինի արտահանձման փաստն ակնհայտորեն կապված է խոսքի ազատության նկատմամբ ոտնձգության հետ: Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնվելուց անմիջապես հետո ձեռնաշղթաներ կրող լրագրողին դիմակավորված ուժային անձանց կողմից ուղեկցումը ու դրա լայն լուսաբանումն արդեն իսկ վկայում են նրա նկատմամբ արգելված վերաբերմունքի ակնհայտ հատկանիշների մասին: Միջազգային լրագրողների, իրավապաշտպանների կողմից այցելությունները Արցախ խթանելը, միջազային հանդիպումներին Արցախի ժողովրդավարական ինստիտուտների մասնակցությանը նպաստելը պետք է լինեն յուրաքանչյուրիս աշխատանքի հիմնարար ուղղություններից մեկը: Այդ ուղղությամբ հիմնարար աշխատանք տանելուն այլընտրանք չկա», - ասվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարությունում:
Փետրվարի 7-ին Բելառուսի գերագույն դատարանը հիմնավոր է ճանաչել Մինսկի քաղաքային դատարանի՝ հունվարի 26-ի վճիռը, որով օրինական էր համարվել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ Բելառուսի գլխավոր դատախազության որոշումը: Նույն օրը երեկոյան բլոգերին տեղափոխել են Բաքու:
Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր դեկտեմբերի կեսին Մինսկում` Ադրբեջանի հարցմամբ, որտեղ նա ներառված է «սև ցուցակում»` ԼՂՀ այցելելու համար, ուստի նրա մուտքն Ադրբեջան արգելված է: Այդուհանդերձ, 2015 թվականի հունիսին Լապշինին հաջողվել էր մուտք գործել Ադրբեջան Վրաստանով` ուկրաինական անձնագրով, որտեղ «Ալեքսանդր» անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել` «պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսգիրքը խախտելու համար: Հունվարի 17-ին Բելառուսի դատախազությունը բավարարել էր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման վերաբերյալ Ադրբեջանի հարցումը: Հունվարի 26-ին Մինսկի քաղաքային դատարանը մերժել էր փաստաբանների բողոքարկումը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան դեմ է Լապշինին Ադրբեջանի իշխանություններին հանձնմանը. «Մենք դեմ ենք այս կամ այն երկրում ձերբակալված ՌԴ քաղաքացիներին երրորդ երկիր արտահանձնմանը»: Մինչդեռ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Բելառուսը բլոգերին Ադրբեջանին չհանձնելու հիմք չունի, քանի որ Ադրբեջանն այդ հարցով դիմել էր Ինտերպոլ, և Բելառուսում Լապշինին ձերբակալել են՝ Ինտերպալի որոշման համաձայն: