Արմինֆո.ԼՂՀ ԱԳՆ արձագանքել է Մինսկի կողմից ռուս-իսրայելական բլոգեր Ալեքսանդր Լապշինի հանձնմանն Ադրբեջանին:
«Բելառուսի Գերագույն դատարանի դատավճիռը, որն ուժի մեջ է թողնում հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին քրեական հետապնդման նպատակով Ադրբեջանին հանձնելու որոշումը, ոչ միայն հանդիսանում է Ադրբեջանի կողմից իրականացվող օտարերկրյա քաղաքացիներին ահաբեկելու քաղաքականության ակնհայտ աջակցության դրսևորում, այլև ազատ տեղաշարժի և խոսքի ազատության հիմնարար իրավունքների կոպիտ ոտնահարում։ Մտադիր լինելով, ի պատասխան Բաքվի հայցի, Ադրբեջանին հանձնել Ալեքսանդր Լապշինին՝ շինծու և քաղաքականացված գործի հիման վրա, բելառուսական իշխանությունները ցուցադրում են, որ քաղաքական շահերը վեր են դասում ժողովրդավարական նորմերից, ինչպես նաև օրինականության և արդարության սկզբունքներից», - ասվում է ԱրմԻնֆո-ին տրամադրված ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունում։
Փետրվարի 7-ին Բելառուսի գերագույն դատարանը հիմնավոր է ճանաչել Մինսկի քաղաքային դատարանի՝ հունվարի 26-ի վճիռը, որով օրինական էր համարվել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ Բելառուսի գլխավոր դատախազության որոշումը: Նույն օրը երեկոյան բլոգերին տեղափոխել են Բաքու:
Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր դեկտեմբերի կեսին Մինսկում` Ադրբեջանի հարցմամբ, որտեղ նա ներառված է «սև ցուցակում»` ԼՂՀ այցելելու համար, ուստի նրա մուտքն Ադրբեջան արգելված է: Այդուհանդերձ, 2015 թվականի հունիսին Լապշինին հաջողվել էր մուտք գործել Ադրբեջան Վրաստանով` ուկրաինական անձնագրով, որտեղ «Ալեքսանդր» անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել` «պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսգիրքը խախտելու համար: Հունվարի 17-ին Բելառուսի դատախազությունը բավարարել էր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման վերաբերյալ Ադրբեջանի հարցումը: Հունվարի 26-ին Մինսկի քաղաքային դատարանը մերժել էր փաստաբանների բողոքարկումը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան դեմ է Լապշինին Ադրբեջանի իշխանություններին հանձնմանը. «Մենք դեմ ենք այս կամ այն երկրում ձերբակալված ՌԴ քաղաքացիներին երրորդ երկիր արտահանձնմանը»: Մինչդեռ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Բելառուսը բլոգերին Ադրբեջանին չհանձնելու հիմք չունի, քանի որ Ադրբեջանն այդ հարցով դիմել էր Ինտերպոլ, և Բելառուսում Լապշինին ձերբակալել են՝ Ինտերպալի որոշման համաձայն: