Արմինֆո.Ուկրաինան և Ադրբեջանը պայմանավորվել են ներս չթողնել Բաքվի և Կիևի կողմից չվերահսկվող տարածքներում արտադված ապրանքները` առանց պաշտոնական իշխանությունների հավանության: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտարարել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն:
Նրա ասելով, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի Բաքու այցի ժամանակ երկու պետությունների ղեկավարներն Ուկրաինայի և Ադրբեջանի մաքսային կառույցների ղեկավարներին հանձնարարել են հանդիպել և քննարկել երկու երկրների «օկուպացված» տարածքներից ստացվող ապրանքները ներս թողնելու հարցը: Միշչենկոյի հավաստմամբ, մաքսային կառույցների ղեկավարները հանդիպել են և մշակել մեխանիզմ, որի համաձայն, վերըհ նշված տարածքներից ապրանք կարող է առաքվել միայն կենտրոնական իշխանությունների` Բաքվի և Կիևի լիցենզավորման առկայության դեպքում:
Դիվանագետի ասելով, Լեռնային Ղարաբաղում արտադրված ապրանքներն Ուկրաինայի սահմանը կարող են հատել միայն Բաքվի հավանությամբ: Համանման սխեմա է կիրառում Ադրբեջանը` Դոնբասից ստացվող ապրանքների նկատմամբ: Միշչենկոյի հավաստամամբ, համապատասխան կանոններն ու շրջաբերականներն սկսել են գործել երկու երկրների նախագահների հանձնարարականներ տալուց անմիջապես հետո: Նրա համոզմամբ, այստեղ ոչ մի միջպետական համաձայնագիր ստորագրելու կարիք չկա: «Համապատասխան փաստաթուղթն ստորագրել են մաքսային կառույցների ղեկավարները», - եզրափակել է դեսպանը: