Արմինֆո.Գագիկ Ծառուկյանը հրաժարվում է ՀՌԱԿ հետ նախընտրական համագործակցությունից: Այդ մասին հաղորդել է Ծառուկյանի մամուլի քատրտուղար Իվետա Տոնոյանը:
Նրա ասելով, Գագիկ Ծառուկյանի նպատակը մեկն է՝ Հայաստանի և Սփյուռքի ավանդական կուսակցությունների համախմբման միջոցով ստեղծել երկրի խնդիրներով մտահոգ ուժերի և անհատների լայն դաշինք, սակայն ՌԱԿ տարբեր թևեր և սփուռքյան կառույցներ սկսեցին հանդես գալ իրարամերժ հայտարարություններով, առ այն, որ չեն կիսում խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու ՀՌԱԿ-ի ցանկությունն ու որոշումը, ուստի Գագիկ Ծառուկյանը ձեռնպահ է մնում այս փուլում ՀՌԱԿ-ի հետ դաշինքային համագործակցությունից:
Իսկ ահա Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը, որը նախորդ ընտրությունների արդյունքում խորհրդարանում հայտնվել էր ՀԱԿ ցուցակով, իսկ հետո լքել էր ՀԱԿ նավը, այժմ ձգտում է նույն սխեմայով մանդատ ստանալ, սակայն` արդեն «Ծառուկյան» դաշինքի միջոցով: Այդ առնչությամբ նախօրեին նա հայտարարություն է տարածել այն մասին, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում մտադիր է սատարել Ծառուկյանին և նրա գլխավորած ուժին, ընդսմին չմոռանալով նրան շռայլորեն հաճոյախոսություններ և գովասանք «պարգևել»: Չնայած Սարգսյանի ձգտմանը` Ծառուկյանին մոտ աղբյուրները հաղորդում են, որ, նրանց համակրանքը փոխադարձ չէ, և նա այնքան էլ բարեհաճ չէ Լ.Սարգսյանի հանդեպ:
Ավելի վաղ «Ծառուկյան» դաշինքին միանալու մասին հայտարարել էին «Ալյանսը», «Առաքելությունը», «Ազգային համաձայնությունը» ՀՀՇ-ն, «Միասնություն» շարժումը, իսկ առանցքային ուժը ԲՀԿ-ն է: Փետրվարի 10-ին ԲՀԿ համագումարում Ծառուկյանը կվերընտրվի կուսակցության առաջնորդ` Նաիրա Զոհրաբյանի փոխարեն, և կհայտարարվի նոր դաշինքի կազմը: Հենց այն ժամանակ էլ «Ծառուկյան» դաշինքում համախմբվելու մտադրությն մասին հայտարարած քաղաքական ուժերը կիմանան, թե արդյոք իրենց խնդրագիրն ընդունվել է: