Արմինֆո.2017 թվականին ՀՀ առողջապահության նախարարության գերակա խնդիրների թվում կլինեն. առողջապահական ծառայությունների որակի և մատչելիության ապահովում, օպտիմալացում, բժշկական օգնության և սպասարկման ոլորտում պետական պատվերի կազմակերպման մեխանիզմների կատարելագործում, դեղերի շուկայում միջազգային ստանդարտների, էլեկտրոնային առողջապահության տեղեկատվական համակարգի ներդրում, միջազգային առաջադեմ փորձի հիման վրա կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի տեղայնացում ու ներդրում, բժշկական հաշտարարի համակարգի ստեղծում, ինչպես նաև առողջ ապրելակերպի տարածմանը միտված միջոցառումների իրականացում: Այդ մասին հայտարարել է գերատեսչիության ղեկավար Լևոն Ալթունյանը
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2016թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկման ժամանակ։
Զեկուցելով 2016թ. միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին` ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը զեկուցել է, որ «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակում կատարվել է մարզային բժշկական կենտրոնների կառուցում, հիմնանորոգում և վերազինում։ Շահագործման են հանձնվել Մեղրու տարածաշրջանային բազմապրոֆիլ և նորակառույց 5 գյուղական առողջության կենտրոնները։ Մեկնարկել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի շինարարական աշխատանքները: Արդիականացվել և վերջին սերնդի բժշկական սարքավորումներով է հագեցվել ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը»:
Վարչապետ Կարապետյանը, ամփոփելով հաշվետվության արդյունքները, նշել է, որ 2017թ. առողջապահության նախարարության անձնակազմից ակնկալում է չափազանց արդյունավետ աշխատանք: «Ձեր անձնակազմից սպասում եմ օպտիմալացում, որովհետև ոլորտին 85 մլրդ ՀՀ դրամ ենք հատկացնում, որը շատ չէ, բայց ավելի լավ արդյունք կարելի է ստանալ՝ քիչ գումարով: Սպասում եմ, որ քիչ թե շատ կայացած կլինիկաները մարզեր գնան, մշակույթ փոխեն, սպասում եմ էլեկտրոնային առողջապահության, նաև մյուս ծրագրերին ու ընդհանրապես ձեզնից հեղափոխություն եմ սպասում լավ իմաստով: Լիքը բան ունենք անելու և այս ոլորտը պետք է սկզբունքորեն փոխենք»,-ասել է կառավարության ղեկավարը:
Միևնույն ժամանակ, առողջապահության ոլորտում ԱրմԻնֆո-ի աղբյուրները հաղորդում են, որ նախարար Լևոն Ալթունյանի կարգադրությամբ երեք տարում համակարգը լիովին պետք է անցնի «սպիտակ հաշվապահության»: Ըստ աղբյուրների, Ալթունյանն առանձին հանդիպումներ է անցկացնում հանրապետության բոլոր բժշկական կենտրոնների ղեկավարների հետ, հայտարարելով մեկ տարվա ընթացքում «սպիտակ հաշվապահության» անցնելու անհրաժեշտության մասին, ինչն, անշուշտ, հարուցել է նրանց դժգոհությունը: Բժշկական կենտրոնների ղեկավարները, որպես հակակշիռ, ներկայացրել են իրենց փաստարկները, պնդելով, որ այդ դեպքում կտրուկ կնվազեն բժիշկների եկամուտները, և կսկսվի կադրերի արտահոսք, հնարավոր է սպասարկման թանկացում: Սակայն նախարարը, հանդիպումների մասնակիցների հավաստմամբ, անդրդվելի է մնացել: Բժշկական կենտրոնների ղեկավարներից ոմանք, նույնիսկ, փորձել են իրենց դժգոհությունը հայտնել ավելի բարձր ատյաններում, սակայն նրանց «ակնարկել են», որ պայմանավորվել պետք է Ալթունյանի հետ, նրան տրվել են բոլոր առանձնաշնորհները: Գիտակցելով նախարարի ցուցումների իրագործման անխուսափելիությունը` բժշկական կենտրոնների ղեկավարներն անձնակազմերին «նախապատրաստում են» նոր իրականությանը, ինչը, անշուշտ, դժգոհություն է հարուցում բուժաշխատողների շրջանում: Չնայած դրան` բժշկական կենտրոններն արդեն պատրաստվում են նախարարի ցուցումների կատարմանը, նախապատրաստելով համապատասխան փաստաթղթեր, մշակելով շրջաբերականներ և նոր նորմատիվներ: