Արմինֆո.Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խոստանում է, որ ՀՀԿ համամասնական ցուցակում կլինեն անակնկալներ, սակայն ընտրական գործընթացն առանց ինտրիգների կանցնի: Այդ մասին նա հայտարարել է այսօր լրագրողների հետ զրույցում:
Նա հավաստիացրել է, որ կուսակցությունը դեռ չի կողմնորոշվել, թե ով կգլխավորի ցուցակը, և այս առնչությամբ քննարկումները շարունակվում են: Թեև, ԱրմԻնֆո-ի տեղեկությունների համաձայն, ՀՀԿ ցուցակի առաջին համարը, ամենայն հավանականությամբ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կլինի: Բաղդասարյանն ավելացրել է նաև, որ հստակություն չկա նաև ցուցակ առնչությամբ, հայտնի է միայն, որ այն 300 հոգի կընդգրկի: «Մենք ժամանակ ունենք մինչև փետրվարի 16-ը: Ցուցակը կլինի ավելի քաղաքականացված, յուրաքանչյուր թեկնածուի շուրջ լուրջ քննարկում է տեղի ունենում, քանի որ գիտակցում ենք, թե ինչքան կարևոր է մրցակցային քաղաքական ուժ ունենալը կառավարման խորհրդարանական համակարգի պայմաններում»,- նշել է քաղաքական գործիչը: Բաղդասարյանն ավելացրել է նաև, որ ՀՀԿ վարկանիշային ցուցակը նույնպես դեռ հայտնի չէ: Ըստ որում, դեռ նույնիսկ որոշված չէ՝ կառաջադրվի նա Վանաձորից, թե՞ ոչ: Խմբակցության ղեկավարը հերքել է նաև տեղեկատվությունը, թե ՀՀԿ-ում կանայք ակտիվ պայքար են մղում համամասնակաց ցուցակում տեղերի համար: «Հանրապետական կանանց շրջանում տարաձայնություններ չկան: Չգիտեմ ավելի համախմբված կանանց կոլեկտիվ, քան հանրապետական կանանց կոլեկտիվը, ինչը զարմանալի է»,- ընդգծել է նա: Բաղդասարյանը նշել է նաև, որ առայժմ որոշված չէ նաև, թե ով է գլխավորելու կուսակցության նախընտրական շտաբը: Մինչդեռ ԱրմԻնֆո-ն, վկայակոչելով ՀՀԿ աղբյուրները, արդեն հայտնել է, որ կուսակցության նախընտրական շտաբը գլխավորելու է վերջինիս առաջնորդ, նախագահ Սերժ Սարգսյանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀՀԿ այդ անվճռականությունը կապված է կուսակցությունից նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հեռանալու հետ՝ քաղաքական գործիչը հայտարարել է, որ անփոխարինելի մարդիկ չկան: «Ամեն մեկն իր առաքելությունն ու դերն ունի: Մինչև նրա հեռանալն էլ մենք չէինք հայտարարում, թե ով կգլխավորի շտաբը»,- նշել է նա՝ ընդգծելով, որ իրենք արդեն կողմնորոշում ունեն:
«Մեզ համար կարևոր է արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը, որոնք կհամապատասպանեն միջազգային չափանիշների և միջազգային հանրության դրական գնահատականին կարժանանան»,- ընդգծել է հանրապետականը: Ըստ որում, նա հավաստիացրել է, որ որևէ ինտրիգ և տհաճ անակնկալ ընտական գործընթացում չի լինի: