Արմինֆո.«Աշխարհը պետք է ծափահարի, երբ գերության մեջ հայտնվածին վերաբերվում են հարգանքով», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը` անդրադառնալով Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանի հանդիպմանը գերեվարված ադրբեջաբնցի դիվերսանտ Էլնուր Հուսեյնզադեի հետ: «Կարծում եմ` դա պետք է լինի փոխադարձ», - ամփոփել է նախկին դեսպանը:
Ինչպես արդեն հաղորդվել է, փետրվարի 3-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն այցելել էր Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին, որը ձերբակալվել է փետրվարի 1-ին դիվերսիայի փորձ կատարելու և ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածով: Այցելության ընթացքում Պաշտպանը հավաստիացել էր, որ Հուսեյնզադեին տրամադրվել է հանրային պաշտպան և ադրբեջաներենի թարգմանիչ, որոնց մասնակցությամբ արդեն իսկ կատարվել են մի շարք դատավարական գործողություններ: Մեկուսի հաղորդակցման ընթացքում Էլնուր Հուսեյնզադեն առողջական վիճակի կամ իր նկատմամբ վատ վերաբերմունքի մասին որևէ գանգատ չէր ներկայացրել։ Պաշտպանը պատրաստակամություն էր հայտնել իր լիազորությունների շրջանակներում աջակցել Էլնուր Հուսեյնզադեի հիմնարար իրավունքների, այդ թվում` իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունքի կենսագործմանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ վարչակազմը Ջոն Էվանսին հետ էր կանչել և զրկել դիվանագիտական աստիճանից` այն բանից հետո, երբ նա հայ համայնքի ներկայացուցիչների հետ փակ հանդիպման ժամանակ ընդունել էր, որ 1915 թվականին օսմանյան Թուրքիայում հայերի հետ տեղի ունեցած իրադարձոթյունները եղել են ցեղասպանություն: