Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մերժեց` պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց երակուտների աղբյուրներն ու ծագումը, ինչպես նաև օրինականությունն ուսումնասիրելու նպատակով ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու մասին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը:
Հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը հիմնավորելու նպատակով Փաշինյանը փաստարկում է, որ պաշտոնյաները և նրանց հետ փոխկապակցված անձինք չնայած ներկայացնում են իրենց եկամուտների և գույքի մասին հռչակագրեր, բայց չկան այդ փաստաթղթերում տեղ գտած տեղեկություններն ստուգելու մեխանիզմներ: «Ժողովուրդն իրավունք ունի իմանալու, թե ինչպես է այս կամ այն պաշտոնյան կուտակել իր ունեցվածքը: Օրինակ, լուրեր են պտտվում, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնավարության տարիներին կուտակել է 4 մլրդ.դոլար: Լեգենդներ են պտտվում նաև ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հարստության մասին, վստահ եմ, որ դա ոչ միայն լեգենդ է: Կամ, օրինակ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ինչպե՞ս է նա կարողացել լոլիկ աճեցնելով կուտակել 2 մլն.դոլար, երբ նույն բանջարեղենն աճեցնող մյուս գյուղացիները խրված են պարտքերի մեջ: Ժողովուրդը պետք է իմանա, արդյո՞ք այդ մարդիկ ունեն նման միջոցներ, և եթե այո, ապա ինչպե՞ս է դա տեղի ունեցել, և եթե պարզվի, որ անօրինական է, ապա հասարակությունն ինքը թող որոշի, թե ինչպես և ինչ միջոցներ ձեռնարկի նրանց նկատմամբ»,-նշեց պատգամավորը:
Բայց ՀՀԿ պատգամավորներն առաջարկեցին նախագիծը ներկայացնել ընտրություններից հետո, քանի որ ԱԺ իրավասություններն արդեն վերջանում են: Իսկ Փաշինյանն անսասան էր: Ավելին, նա առաջարկում է ուսումնասիրել ոչ միայն պաշտոնյաների, այլ նաև նրանց ազգականների, նույնիսկ զոքանչների եկամուտներն ու գույքը, ինչին պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը նկատել է, որ այդ ցանկում անհրաժեշտ է ներգրավել նաև պաշտոնյաների սիրուհիներին: Բայց Փաշինյանը որոշեց այդքան հեռուն չգնալ: «Կարծում եմ, որ այդ առումով ՀՀԿ խմբակցությունն ունի իր հատուկ կարծիքը: Կան ոչ միայն ունիվերսալ սիրուհիներ, այլ նաև ունիվերսալ պատգամավորներ, այնպես որ, պետք չէ գնալ այդքան հեռուն»,-առաջարկեց նա:
Անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավորների կողմից իրեն իշխանությունների հետ կապելու և վարկաբեկելու փորձերին, Փաշինյանը հայտարարեց. «Երբ ինչ-որ մեկին ուզում են վարկաբեկել, նրան կապում են իշխանությունների հետ, ահա ձեր գործունեության լավագույն գնահատականը: Չկա ավելի վատ մեղադրանք, քան ռեժիմի հետ նույն կառքին լծված լինելը, դա ինքներդ էլ գիտեք: Դրա համար էլ մարդկանց հաճախ մեղադրում եք ձեզ հետ կապեր ունենալու մեջ, ինչից առավել ոչինչ չի կարող նրան վարկաբեկել: Ձեր իշխանությունն սկսում է նմանվել ժանտախտի, կա էլ ինչ-որ սուր վարակի»: