Արմինֆո.Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն այցելել է Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին, որը ձերբակալվել է փետրվարի 1-ին դիվերսիայի փորձ կատարելու և ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածով:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, այցելության ընթացքում Պաշտպանը հավաստիացել է, որ Հուսեյնզադեին տրամադրվել է հանրային պաշտպան և ադրբեջաներենի թարգմանիչ, որոնց մասնակցությամբ արդեն իսկ կատարվել են մի շարք դատավարական գործողություններ: Մեկուսի հաղորդակցման ընթացքում Էլնուր Հուսեյնզադեն առողջական վիճակի կամ իր նկատմամբ վատ վերաբերմունքի մասին որևէ գանգատ չի ներկայացրել։
Պաշտպանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում աջակցել Էլնուր Հուսեյնզադեի հիմնարար իրավունքների, այդ թվում` իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունքի կենսագործմանը:
Հիշեցնենք, որ Հուսեյնզադեն գերի էր ընկել փետրվարի 1-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդի դիվերսիայի ժամանակ: Եվս մեկ ադրբեջանցի զինծառայող վիրավորվել էր: Շուտով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել էր հայտարարություն այն մասին, թե իբր Էլնուր Հյուսեին Զադեն զինվորական ծառայության ընթացքում պարբերաբար խախտել է զինվորական կարգապահությունը, խուսափել է ծառայությունից, իսկ հետագայում զորացրվել է Ադրբեջանի ԶՈՒ շարքերից: