Արմինֆո. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել է պարզել բլոգեր Ալեքսանդր Լապշինի Ադրբեջանին արտահանձնմանն առնչվող իրավիճակը: Ըստ ԲԵԼՏԱ-ի, Լուկաշենկոն այդ մասին հայտարարել է նախօրեին լրագրողների հետ հանդիպմանը:
Բելառուսի նախագահը պատմել է, որ մամուլում բլոգեր Ալեքսանդր Լապշինին առնչվող պատմության հայտնվելուց անմիջապես հետո ինքն ԱԳՆ-ին հանձնարարել է կապվել Ադրբեջանի, Իսրայելի և Ռուսաստանի պրոֆիլային գերատեսչությունների հետ և համաձայնեցնել այդ հարցը, որպեսզի «այդ մարդը չդառնա պատանդ»: «Եվ, եթե Իսրայելը, Ադրբեջանն ու Ռուսաստանը պայմանավորվեին, մենք կանեինք այնպես, ինչպես նրանք որոշեին: Սակայն ոչ ոք չուզեցավ պայմանավորվել», - նշել է պետության ղեկավարը:
Լուկաշենկոն, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ Բելառուսը բլոգերին Ադրբեջանին չհանձնելու հիմք չունի, քանի որ Ադրբեջանն այդ հարցով դիմել էր Ինտերպոլ, և Բելառուսում Լապշինին ձերբակալել են Ինտերպալի որոշման համաձայնԼ «Եվ բոլոր օրենքների ու կարգի համաձայն, մենք նրան պետք է հանձնենք Ադրբեջանին: ԻՀարկե, մենք կարող ենք, ընդհանրիապես, նրան ազատ արձակել, բայց դա ճիշտ չի լինի: Դուք ասում եք, որ ընթանում է բողոքարկում և այլն, բայց ես համոզված եմ, որ դատարանը, միևնույն է, կպաշտպանի մեր որոշումը, քանի որ այն օրինական է», - ամփոփել է Բելառուսի նախագահը:
Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր դեկտեմբերի կեսին Մինսկում` Ադրբեջանի հարցմամբ, որտեղ նա ներառված է «սև ցուցակում»` ԼՂՀ այցելելու համար, ուստի նրա մուտքն Ադրբեջան արգելված է: Այդուհանդերձ, 2015 թվականի հունիսին Լապշինին հաջողվել էր մուտք գործել Ադրբեջան Վրաստանով` ուկրաինական անձնագրով, որտեղ «Ալեքսանդր» անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել` «պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսգիրքը խախտելու համար: Հունվարի 17-ին Բելառուսի դատախազությունը բավարարել էր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման վերաբերյալ Ադրբեջանի հարցումը: Հունվարի 26-ին Մինսկի քաղաքային դատարանը մերժել էր փաստաբանների բողոքարկումը: