Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտությունն ուղղակի սպառնալիք է, գլխավորապես, Հայաստանի եւ Ադրբեջանի ազգային անվտանգությանը, կայունությանը եւ ապագա զարգացմանը: Փետրվարի 3-ին ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ նոր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությունը:
«Անշուշտ, դա նրա գնահատականն է` որպես ԱՄՆ ներկայացուցչի: Սակայն ես կցանկանայի ևս մեկ անգամ ասել, որ չեմ մեկնաբանում ԱՄՆ դիրքորոշումը, որն իրավունք ունի ինքնուրույն գնահատելու սեփական անվտանգության համար սպառնալիքները: Անշուշտ, այդ հակամարտությունն ուղղակի սպառնալիք է, գլխավորապես, Հայաստանի եւ Ադրբեջանի ազգային անվտանգության, կայունության ու ապագա զարգացման համար, այսինքն, հարկավոր է ելնել դրանից», - ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից վերջերս ստեղծված «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարթակի դերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում` Զախարովան նշել է, որ նման նախաձեռնություններ կան, և ռուսական կողմը բարձր է գնահատում ժողովրդական դիվանագիտության դերը հակամարտությունների կարգավորման գործում: «Սակայն կարևորագույն առաքելությունը, իհարկե, հակամարտող կողմերի հասարակական շրջանակներում այն գիտակցության արմատավորումն է, որ փոխադարձաբար ընդունելի փոխզիջումային լուծումների խաղաղ որոնումն այլընտրանք չունի: Մենք ելնում ենք այն բանից, որ ցանկացած նախաձեռնություն պետք է նպատակաուղղված լինի, առաջին հերթին, դրան: Եվ մեն ողջունում ենք ցանկացած հասարակական նախաձեռնություն, որն իր առջև դնում է հենց այդ որոշակի խնդիրը»: