Արմինֆո. Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Արամայիս Գրիգորյանի թեկնածությունը Արարատի մարզպետի պաշտոնի համար` օրերս հրաժարական տված Ռուբեն Աբրահամյանի փոխարեն:
Արարատի մարզպետի պաշտոնի համար Գրիգորյանին առաջադրելու մասին որոշում է կայացվել երեկ ուշ երեկոյան ՀՀ նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ կայացած խորհրդակցության ընթացքում: Նույն խորհրդակցության ժամանակ որոշում է կայացվել, որ ՀՀԿ շարքերից հեռացած Կարինե Պողոսյանի փոխարեն կուսակցության արարատյան կառույցը կգլխավորի ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Ի դեպ, նախագահ և ՀՀԿ ղեկավարն այժմ գտնվում է հարազատ կուսակցության գլխամասային գրասենյակում:
Հիշեցնենք, որ Գրիգորյանն «Ավշար գրուպ» ընկերության համասեփականատերն է, ավելի վաղ զբաղեցրել է բնապահպանության նախարարի պաշտոնը, եղել է պատգամավոր ՀՅԴ քվոտայով:
Իսկ հրաժարական տված Ռուբեն Աբրահամյանը ՀՀԿ շարքերից հեռացած նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի համախոհն է: ՀՀԿ-ից Աբրահամյանի դուրս գալուց հետո օրերս նրա օրինակին են հետևել Արարատի կառույցի 13 անդամներ, որոնք տարբեր բարձր պաշտոններ են զբաղեցնում մարզում, հիմնականում` նրա ազգականներ և համախոհներ: Իսկ Աբրահամյանի որդին` Արգամը, որը Արտաշատի քաղաքապետն է, մտադիր է խորհրդարանական ընտրութուններում իր թեկնածությունն առաջադրել «Ծառուկյան» դաշինքից` վարկանշային համակարգով: