Արմինֆո. Փետրվարի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 130 կրակոց:
Բացի այդ, փետրվարի 1-ին Արցախի զինված ուժերը կասեցրել են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդի դիվերսիան, որն, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել էր հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ:
ԼՂՀ ՊԲ առաջապահ ուժերը, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և կորուստներ պատճառելով հետ շպրտել: Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995թ. Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեին Զադեին: Ըստ հավաստի տվյալների՝ հակառակորդը տվել է նաև առնվազն 1 վիրավոր, որն, ի դեպ, պաշտոնապես հաստատվել է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից այսօր տարածված հաղորդագրությամբ: Մասնավորապես, ադրբեջանական ԶԼՄ-ներում արդեն հաղորդումներ են հայտնվել այն մասին, թե, իբր, Հյուսեին Զադեն զինվորական ծառայության ընթացքում պարբերաբար խախտել է զինվորական կարգապահությունը, խուսափել է ծառայությունից, իսկ հետագայում զորացրվել է Ադրբեջանի ԶՈՒ շարքերից: