Արմինֆո.Այսօր Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է մի շարք զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամներին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունը, ուսումնասիրվել են զինվորական գրքույկներում մարտական գործողություններին մասնակցության մասին գրառումներ չկատարելու, կատարված գրառումներում «անվավերե նշում կատարելու կամ այդ գրառումները ջնջելու հետ կապված զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների ներկայացրած փաստաթղթերը, ինչպես նաեւ քննարկվել են խնդրի հետ կապված մանրամասներ:
«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների ներկայացրած հանգամանքների կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է պաշտոնական ընթացակարգ: Արդեն իսկ ձեռնարկվում են օրենքով նախատեսված միջոցներ պարզելու համար ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Պաշտպանության նախարարությունից պարզաբանումներ պահանջելով եւ համատեղ աշխատելով Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հետ»,- նշվում է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունն այսօր իրազեկել է, որ 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ գոյություն ունի ՊԲ հրամանատարության կողմից հստակեցված կարգ, համաձայն որի զինծառայողի զինգրքույկի մեջ կատարվում է համապատասխան գրառում: «Ինչ վերաբերում է որոշ զորացրված զինծառայողների զինգրքույկներում արված, իսկ այնուհետև անվավեր ճանաչված գրառումներին, ապա դա բացառապես պայմանավորված է տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքում թույլ տրված վրիպումով»,- հայտարարել են ԼՂՀ ՊՆ-ում:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ԶԼՄ-ներին հորդորում է այսուհետ տվյալ թեման չդարձնել ավելորդ շահարկման առարկա, իսկ այն զորացրված զինծառայողները, ովքեր ունեն պարզաբանման կարիք, դիմեն հետևյալ հեռախոսահամարով՝ 28-08-23: