Արմինֆո.Հանրապետական կուսակցությունից արտահոսքը շարունակվում է. այսօր կուսակցությունից դուրս գալու մասին դիմում է գրել 15 հոգի՝ բոլորը ՀՀԿ Արարատի մարզային կառույցի անդամներ:
Մասնավորապես, ՀՀԿ շարքերը լքողների թվում են՝ ՀՀԿ Արարատի տարածքային խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգական Կարինե Պողոսյանը, ով ՀՀԿ Խորհրդի վերջին նիստում հայտարարել էր, որ մտադիր չէ հետևել Հովիկ Աբրահամյանի օրինակին և լքել կուսակցությունը: ՀՀԿ-ն լքել են նրա տեղակալ Սամվել Մինասյանը, նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, նախկին վարչապետի եղբայր, նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը, Արտաշատի քաղաքապետարանի աշխատակիցներ, այդ թվում՝ փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը: Ի դեպ, Արտաշատի քաղաքապետը Հովիկ Աբրահամյանի որդի Արգամն է, ով խորհրդարանական ընտրություններում կառաջադրվի «Ծառուկյան» դաշինքի ցուցակով: Կուսակցության շարքերը լքել են նաև դպրոցների տնօրեններ, մարզպետարանի աշխատակիցներ:
Նշենք, որ նրանք բոլորը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգականներ կամ աջակիցներ են, ով առաջինն է ՀՀԿ-ից դուրս գալու մասին դիմում գրել: Դրանից հետո պաշտոնից ազատվեց նրա եղբորորդին՝ Արմավիրի ոստիկանության ղեկավար Աշոտ Աբրահամյան, այնուհետև՝ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:
Ավելի վաղ, զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումներից հետո, որ ՀՀԿ շարքերը պատրաստվում է լքել նաև Մհեր Սեդրակյանը, պաշտոնանկ արվեց նրա ազգականը՝ Երևանի Էրեբունի համայնքի ղեկավար Արմեն Հարությունյանը:
Ի դեպ, կուսակցությունում այս նորությունը դեռ չեն մեկնաբանում, բոլոր բարձրաստիճան հանրապետականները կամ անջատում են հեռախոսները, կամ
հավաստում, թե տեղյակ չեն վերջին իրադարձություններից: