Արմինֆո. Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին` «Կանգնեցնենք կոռուպցիան» տեղեկատվական արշավի մեկնարկին նվիրված արարողության ժամանակ:
Նա նշել է, որ ԵՄ-ն արդեն 15 մլն եվրո է հատկացրել Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարելու համար, սակայն պատարստ է տրամադրել ավելին: Նրա կարծիքով, Հայաստանի ներկայիս կառվարությունը, որը գլխավրում է Կարեն Կարապետյանը, քննադատաբար է մոտենում ստեղծված իրավիճակին և տեսնում է այդ բացասական երևույթի դեմ պայքարելու անհրաժեշտություն: «Մենք 2017 թվականը Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի տարի ենք հայտարարել: Համոզված եմ, որ այս տարին այդ առումով բեկումնային կլինի և կբացի նոր հնարավորություններ», - ընդգծել է դեսպանը:
Սվիտալսկին նշել է, որ կառավարությունը հանդես է եկել որոշ օրենսդրական նախաձեռնություններով, որոնք կարող են բարձրացնել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը: Նա, մասնավորապես, նշել է պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման մասին օրենքի ընդունումը, պաշտոնատար անձանց հանձնաժողովի լիազորությունների ավելացումը, ինչպես նաև անկախ հակակոռուպցիոն մարմին ստեղծելու կառավարության մտադրությունը: «Մենք երկար ժամանակ խոսել ենք նման մարմին ստեղծելու անհրաժեշտության մասին, այժմ մեր գործընկերը համաձայն է դրան: Ինչպես վարչապետը, այնպես էլ կառավարությունը գիտակցում են, որ կոռուպցիան խոչընդոտում է տնտեսական աճին և կայուն զարգացմանը, ինչը դրական է», - ընդգծել է դիվանագետը: Ընդ որում, պատվիրակության ղեկավարը նշել է, թե ԵՄ այդ արշավը չէր սկսի, եթե այն չհամարեր իրատեսական և իրագործելի: «Իմ լավատեսությունը հիմնված է վարչապետի անկեղծության, քննադատական վերաբերմունքի և նրա կողմից այդ խնդրի բարդության գիտակցման վրա», - նշել է դեսպանը:
Դիվանագետը նաև կարևոր է համարում խնդրի բարձրաձայնումն ընտրությունների նախաշեմին, քանի որ ընտրակաշառքների փորձի իսպառ վերացումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար: «Մենք համոզված ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է հանգեցնի ազգային համախմբման` կառավարություն, ընդդիմություն, քաղաքացիական հասարակության անդամներ, բոլոր ակտիվ քաղաքացիները պետք է համախմբվեն այդ պայքարում», - ընդգծել է նա:
Ընդ որում Սվիտալսկին նշել է, որ Հայաստանը պետք է մշակի կոռուպցիայի և դրա հետ փոխկապակցված բացասական երևույթների դեմ պայքարի իր մոդելը: «Այնպիսի երկրներում, ինչպես` Հայաստանը, շատ կարևոր է բիզնեսի տարանջատումը քաղաքականությունից և հակառակը: Այդ հարցում անհրաժեշտ է հստակություն, քաղաքական գործունեությունը չպտք է ծառայի բիզնեսի շահերին, և հակառակը, բիզնեսի ներկայացուցիչները չպետք է քաղաքականությամբ զբաղվեն սեփական անվտանգությունն ապահովելու համար», - ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ Transparency International-ի «Կոռուպցիայի ընկալման ինդեքս-2016» վարկանշային աղյուսակում Հայաստանը 113-րդ տեղն է զբաղեցրել 176 երկրների շրջանում` 2015 թվականի համեմատ 18 կետով վատթարացնելով իր դիրքերը: Հետխորհրդային երկրներից Հայաստանից առաջ են Լիտվան (38 տեղ), Վրաստանն ու Լատվիան (44), Բելառուսը (79): Հայաստանն առաջ է անցել Ադրբեջանից և Մոլդովայից (123 տեղ), Ղազախստանից, Ռուսաստանից և Ուկրաինայից (131 տեղ), Ղրղըզստանից (136 տեղ), Տաջիկստանից (151), Թուրքմենստանից (154) և Ուզբեկստանից (156):