


Արմինֆո. Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան անընդունելի է համարում ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին:
«Անընդունելի եմ համարում Ռուսաստանի և Բելառուսի դաշնային պետության տարածքից Ռուսաստանի քաղաքացի, անկախ լրագրող Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջանական Հանրապետությանը: Դա ուղղակիորեն սահմանված է ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով. «Ռուսաստանի Դաշնության քաղաքացին չի կարող արտաքսվել ՌԴ տարածքից դուրս կամ հանձնվել որևէ այլ պետության»: Իմ դիրքորոշումը պաշտպանում են Ռուսաստանի ԱԳՆ և այլ պրոֆիլային գերատեսչություններ: Միևնույն ժամանակ կցանկանայի արտասահման մեկնող Ռուսաստանի քաղաքացիներին հիշեցնել օտար պետությունների օրենսդրությունն ուսումնասիրելու և դրան հետևելու անհրաժեշտության մասին», - ասվում է Մոսկալկովայի հայտարարությունում:
Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր դեկտեմբերի կեսին Մինսկում` Ադրբեջանի հարցմամբ, որտեղ նա ներառված է «սև ցուցակում»` ԼՂՀ այցելելու համար, ուստի նրա մուտքն Ադրբեջան արգելված է: Այդուհանդերձ, 2015 թվականի հունիսին Լապշինին հաջողվել էր մուտք գործել Ադրբեջան Վրաստանով` ուկրաինական անձնագրով, որտեղ «Ալեքսանդր» անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել` «պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսգիրքը խախտելու համար:
Հունվարի 17-ին Բելառուսի դատախազությունը բավարարել էր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման վերաբերյալ Ադրբեջանի հարցումը: Հունվարի 26-ին Մինսկի քաղաքային դատարանը մերժել էր փաստաբանների բողոքարկումը:



