Արմինֆո.Հայաստանից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուն կհաստատվի կազմակերպության առաջիկա գագաթնաժողովի ժամանակ, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:
Նախարարը նշել է, որ գագաթնաժողովի ժամկետները կորոշվեն մոտ ժամանակներս: «ՀԱՊԿ քարտուղարությունը նիստ է անցկացրել և որոշում ընդունել, որ կազմակերպության գլխավոր քարտուղար պետք է դառնա Հայաստանի ներկայացուցիչը»,- նշել է նա՝ ավելացնելով, որ այդ փաստաթուղթը հաստատման համար ուղարկվել է մասնակից երկրների ԱԳՆ-ներին:
Նա նաև հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ անցած գագաթնաժողովին Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի չմասնակցելը պայմանավորված չէր այն բանով, որ նա դեմ է այդ պաշտոնում հայ թեկնածուի առաջադրմանը:
Հիշեցնենք, որ 2017 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա: Ավելի վաղ որոշում էր կայացվել երեք տարին մեկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մակարդակով ռոտացիայի մասին` հաշվի առնելով ռուսական այբուբենը: Հոկտեմբերի 14-ին Երևանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում պետք է նշվեր Հայաստանից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անունը, սակայն հարցն օրակարգից հանվեց, նախագահ Սերժ Սարգսյանի ասելով, Ղազախստանի նախագահ Նազարբաևի բացակայության պատճառով: Հայաստանի նախագահը նաև հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներն այդ հարցին կվերադառնան տարեվերջին` Սանկտ Պետերբուրգի հանդիպման ժամանակ: Սակայն Սանկտ Պետերբուրգի հանդիպման ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կրկին հետաձգվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բացակայության պատճառով: