Արմինֆո. Ելնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին բոլոր իրադարձություններից և միտումներից՝ տպավորություն է ստեղծվում, որ Բաքուն ոչ մի կերպ չի կարողանում իրատեսորեն գնահատել այդ հակամարտության շուրջ կարևորագույն գործոնները: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:
«Խոսքը, մասնավորապես, վերաբերում է առաջին հերթին սեփական ժողովրդի և, բնականաբար, ողջ տարածաշրջանի համար ռազմական ուժի կիրառմամբ հնարավոր նոր հակամարտության գնին, այն բացասական հետևանքներին, որոնք կարող են լինել նոր պատերազմ սանձազերծելու դեպքում: Եվ դա՝ 1991-1994 թթ. ղարաբաղյան պատերազմի խրատական դասերի, Ադրբեջանի նախկին ղեկավարության սխալ հաշվարկների լույսի ներքո: Չէ որ հենց մարտական գործողությունները դադարեցնելուց հրաժարվելը, ինչպես պահանջում էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, սեփական հնարավորությունները գերագնահատելու հետ միասին, հանգեցրին Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջակա յոթ շրջաններ կորստին»,- նշել է նա:
Ըստ դիվանագետի, հակամարտության հայկական կողմերի՝ Մինսկի միջնորդների առաջարկները քննարկելու պատրաստակամության լույսի ներքո՝ Բաքուն ամեն գնով փորձում է խափանել համանախագահների նախաձեռնությւոնները կամ այս կամ այն միջոցով ձգձգել դրանց քննարկումը: Գումարած դրան՝ Ադրբեջանի նախագահը շարունակում է սպառնալ մարտական գործողությունների վերսկսմամբ, ինչի մասին են վկայում նրա վերջին բոլոր հայտարարությունները:
Ադրբեջանական դիվանագիտությունը, Կազիմիրովի կարծիքով, հաճախ անլուրջ վերաբերմունք է դրսևորում ղարաբաղյան հակամարոտւթյան առնչությամբ փաստաթղթերին՝ ստորագրված, այդ թվում, Ադրբեջանի կողմից: Որպես օրինակ՝ նա նշել է 1994-1995 թթ. համաձայնագրի հավելվածի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևի դատողությունները:
«Կա երկու համաձայնագիր. 1994 թ. մայիսի 12-ի «Հրադադարի մասին» և 1995 թ. փետրվարի 4-ի «Հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին»՝ ստորագրված հակամարտության բոլոր կողմերի կողմից: Եվ թե առաջին, թե երկրորդ համաձայնագրին կից որևէ հավելված չի եղել: Ադրբեջանցի գործընկերների կողմից իրավիճակի նման խեղաթյուրման լույսի ներքո՝ զարմանալի չէ նաև Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հասցեին նրանց մեղադրանքը, թե Էդվարդ Նալբանդյանը 1994-95 թթ. համաձայնագիրը ներկայացնում է աղավաղված տեսքով»,- ամփոփել է Կազիմիրովը: