
Արմինֆո. «Ես կաշխատեմ Հայաստանի և Ադրբեջանի վարչակազմերի հետ` ղարաբաղյան հակամարտության տևական, խաղաղ լուծման հասնելու ուղղությամբ, ինչը կհանգեցնի տարածաշրջանի կայունության և բարգավաճման», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի թեկնածու Ռեքս Թիլերսոնը`Կոնգրեսում քննարկումների ժամանակ, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը: Թիլերսոնի կարծիքով, այդ ուղղությամբ առաջին քայլը պետք է լինի կողմերի միջև վստահության վերականգնումը և հարգանքը ձեռք բերված համաձայնությունների հանդեպ:
Անդրադառնալով հայ-թուրքական օրակարգին` Թիլերսոնն ընդգծել է, որ պաշտպանում է երկկողմ դիվանագիտական և տնտեսական հարաբերությունների հաստատմանն, ինչպես նաև երկու երկրների հասարակությունների միջև փոխադարձ կապերի աշխուժացմանն ուղղված ջանքերը: «Ես մտադիր եմ այդ հարցերը բարձրացնել երկու երկրների վարչակազմերի հետ իմ խոսակցությունների ժամանակ: ԱՄՆ առաջատարությունը և ներգրավվածությունը տարածաշրջանի իրավիճակում մեծապես կօգնի ստեղծել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման համար անհրաժեշտ վստահություն», - հայտարարել է թեկնածուն, խոստանալով նաև աջակցել Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների իրավունքների, այդ թվում` սեփականության իրավունքի ապահովման հարցերին:
Թիլերսոնը նաև խոստացել է ջանք գործադրել հայ-ամերիկյան հարաբերությունների էլ ավելի աշխուժացման ուղղությամբ, հատկապես, տնտեսական հարթությունում: «ԱՄՆ շահերին համապատասխանում է Հայաստանի հետ փոխշահավետ տնտեսական համագործակցության զարգացումը: Եթե իմ թեկնածությունը հաստատվի, ես ԱՄՆ կառավարության առևտրային և այլ ներկայացուցիչների հետ համառորեն կաշխատեմ ԱՄՆ և Հայաստանի միջև առևտրային և ներրդումային նախագծերի խթանման հնարավորություններ գտնելու ուղղությամբ` շեշտադրում կատարելով նոր աշխատատեղերի ստեղծմանն ու ԱՄՆ կապիտալի ավելացմանը», - հավաստիացրել է նա:
ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի թեկնածուն նաև ընդունել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները Սիրիայից փախստականների ընդունելու առումով, և խոստացել է այդ հարցում աջակցել հանրապետությանը: