Արմինֆո.Ստամբուլի հայկական Սուրբ փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ` Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքի ընտրությունների առնչությամբ:
Հայկական «Ագոս» թերթում հրապարակված հարցազրույցում Շիրինօղլուն պատմել է, որ Ստամբուլի հայ համայնքի շրջանում ստեղծվել է տպավորություն, թե ինքը խոչընդոտում է պատրիարքի ընտրությունների կազմակերպմանը, ինչի առնչությամբ ինքն ստիպված է եղել Էրդողանի հետ հանդիպում խնդրել: Անկարայի նախագահական նստավայրում կայացած հանդիպման ժամանակ Շիրինօղլուն Թուրքիայի նախագահին տեղեկացրել է պատրիարքի ընտրությանն առնչվող իր մտահոգության մասին: Էրդողանը նշել է, որ պատրիարքի ընտրության ձգձման պատճառն առնչվում է հայկական կողմի բացթողումներին, քանի որ երկրի իշխանությունն, ընդհանրապես, չի միջամտում այդ գործընթացին: Հարցազրույցում Շիրինօղլուն նաև հաղորդե է, որ Էրդողանն իրեն խոստացել է զբաղվել պատրիարքի ընտրությունների անցկացման և հմնադրամների հարցերով` սահմանադրական բարեփոխումների շուրջ հանրաքվեից անմիջապես հետո:
Մինչդեռ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության հոգևոր խորհրդի առաջնորդ եպիսկոպոս Մաշալյանը «Ագոս» թերթում հրապարակված հարցազրույցում նշել է, որ հայոց պատրիարքի ընտրությունների վերաբերյալ դիմում ներկայացնելու համար անհրաժեշտություն չկա սպասելու հանրաքվեին:
Հիշեցնենք, որ Ստամբուլի հայ համայնքը երկար ժամանակ պառակտված էր պատրիարքի ընտրության հարցի առնչությամբ: Համայն Թուրքիո և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Մութաֆյանն առողջական խնդիրների առնչությամբ ճանաչվել է անգործունակ: Պատրիարքության կանոնադրության համաձայն, պատրիաքն ընտրվում է ցմահ: Համայնքի մեծ մասը պահանջում էր անցկացնել նոր ընտրություններ, իսկ մյուս մասը պահանջում էր հավատարիմ մնալ կանոնադրությանը, որն արգելում է նոր ընտրությունների անցկացումը մինչև պատրիարքի վախճանվելը: Այդ ողջ ընթացքում պատրիարքի գործառույթն իրականացրել է Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որին հայ համայնքի մի մասը չի ընդունում` նրան համարելով Էրդողանի դրածո: