
Արմինֆո. Ես ՀՀԿ նախընտրական քարոզարշավին կմասնկցեմ այն չափով, որչափ նպատակահարմար գտնի կուսակցության խորհուրդը: Հունվարի 27-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Այո, իմ պաշտոնը քաղաքացիական է: Բացի այդ, ես ՀՀԿ գործադիր մարմնի անդամ եմ և քարոզարշավին կմասնակցեմ այն չափով, որչափ նպատակահարմար գտնի կուսակցությունը: Սակայն դա կանեմ այնպես, որ օրենքի տառը չխախտվի, և դա չանդրադառնա իմ աշխատանքի վրա: Եթե ծագեն հակասություններ, կուսակցական պարտավորություններս կիրականացնեմ ոչ աշխատանքային ժամերին», - նշել է Սարգսյանը:
Ընդ որում, ի պատասխան ՀՀԿ նախընտրական ցուցակը բացահայտելու լրագրողների խնդրանքին, պաշտպանության նախարարը, մասնավորապես, հարց է տվել. «Ես նմա՟ն եմ մի մարդու, որը կուսակցության ցուցակը հրապարակում է ավելի շուտ, քան դրա ղեկավարությունը: Կգա ժամանակը, և ՀՀԿ-ն կհրապարակի իր ցուցակը, կարծում եմ` անակնկալներ չեն լինի»:
Պատասխանելով վարչապետի պաշտոնում իր նշանակման վերաբերյալ հարցին` Սարգսյանը հայտարարել է, թե արդեն բազմիցս ասել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնը լավագույններից ու հետաքրքիրներից մեկնէ երկրում: «Իմ երազանքը մեկն է. շարունակել աշխատանքս Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում` եթե առաջիկա ընտրություններում մեզ հաջողվի ստանալ ակնկալվող արդյունքը: Այստեղ ես շատ աշխատանք ունեմ: Անշուշտ, վարչապետի պաշտոնն ավելի պատասխանատու է, սակայն, իմ խորին համոզմամբ, հարկավոր է շարունակել աշխատանքն այս ոլորտում, այլ ոլորտ տեղափոխվելու մասին ծրագրեր կառուցելը նաև ազնիվ չէր լինի այն ոլորտի նկատմամբ, որն այսօր գլխավորում եմ: Սակայն, դարձյալ եմ ասում, ամեն բան կախված կլինի այս ընտրությունների արդյունքից: Եթե ընտրությունների արդյունքը լինի այնպիսին, ինչպես ակնկալում են ՀՀԿ-ում, ապա հուսով եմ, որ նախագահն ինձ հնարավորություն կընձեռի շարունակել աշխատանքն այս պաշտոնում», - ասել է պաշտպանության նախարարը: Այդ համատեքստում նա հավելել է, որ ԶԼՄ-ները երբեմն որոշ հարցերով շատ առաջ են ընկնում, այդ թվում` վարչապետի պաշտոնի հարցի առնչությամբ, ինչը, պարզապես, անթույլատրելի է և լրացուցիչ լսարան ստանալու փորձ է: Ընդ որում, Սարգսյանը փաստել է, որ այսօր կառավարությունում վարչապետի գլխավորությամբ հաջողությամբ աշխատում է բավականին լուրջ թիմ: