
Արմինֆո. Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը տեսաուղերձով մեկնաբանում է պետական կառույցներից իր հեռենալը և առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշումը:
Իր ուղերձում նա հասարակության ուշադրությունը հրավիրում է Խորհրդային Միության վրա, քանի որ հենց խորհրդային բանակում է ինքն սկսել իր զինվորական ծառայությունը: Նա հիշեցնում է, որ ԽՍՀՄ-ն այն ժամանակվա հզորագույն պետություններից էր: Օհանյանի համոզմամբ, ըստ երևույթին, խորհրդային ղեկավարների անհեռատեսությունը հանգեցրեց ներքաղաքական իրավիճակի սրման և ազգամիջյան բախումների, ինչն էլ երկրի փլուզման պատճառ դարձավ: Նախկին նախարարը հիշեցրել է, որ խորհրդային բանակում զինվորն իրավունք չուներ միջամտելու քաղաքական գործընթացներին, և խախտելով այդ արգելքը, կարող էր ենթարկվել խիստ հետապնդումների: Չնայած ինքը խորհրդային գաղափարախոսության կրող է, սակայն, Օհանյանի ասելով, ճիշտ որոշում էր կայացրել երկրի ազգային անվտանգության համար սպառնալիք ծագելու պայմաններում և իր համախոհների հետ միասին կանգնել էր Արցախի ազգային արժանապատվության և շահերի պաշտպանությանը` չնայած առկա վտանգներին:
«Այսօր ես Արցախի համար ազատագրական պայքարին իր մասնակցությունը շահարկելու նպատակ չունեմ», - հավաստիացնում է Օհանյանը: Այսօր, ինչպես խորհրդային շրջանի այն օրերին, ինչպես կարծում է Սեյրնա Օհանյանը, երկիրը շատ բարդ շրջան է ապրում, և հերթական անգամ կանգնելով ընտրության առջև, ինքը ընտրում է դժվարագույն ճանապարհը: «Իմ նպատակը քաղաքական դաշտում ոչ թե թատերական ներկայացումներին մասնակցելն է, այլ սահմանադրական իրավունքով հայրենիքի համար մտահոգ, հայրենասեր ուժերին համախմբելը եւ ժողովրդի անվտանգության ապահովման համար ուղիներ փնտրելը: Ես չեմ զղջում, որ հրաժարվել եմ ինձ առաջարկվող բարձր պաշտոններից եւ համոզված եմ, պետական համակարգում խնդիրներ լուծելու հնարավորությունն արդեն սպառվել էր», - հայտարարել է Օհանյանը, հավելելով, որ որոշումը կայացրել է ինքնուրույն` ապավինելով բարձր բարոյական արժեքներին: Նրա համոզմամբ, կուտակված խնդիրները հաղթահարելու համար, առաջին հերթին, հարկավոր է շեշտադրում կատարել քայքայված տնտեսության զարգացմանը: Նա կարծում է, որ նորմալ հասարակությունում պետք է հաստատվեն արդար և օրինական հարաբերություններ, «որտեղ հարուստներն իրենց ունեցվածքի մի մասը, խելամիտ հարկային համակարգի օգնությամբ զիջում են հասարակության մյուս մասին` ստանձնելով գործընթացի համար սոցիալական պատասխանատվությունը»: Նրա ասելով, այդ մոդելը կոչվում է «Պետության բարեկեցության գաղափար» և աշխատում է գրեթե բոլոր զարգացած երկրներում, և դրան պետք է հետևենք նաև մենք` «վայրի կապիտալիզմի ճիրաններից դուրս պրծնելու և ազատական տնտեսություն» կառուցելու նպատակով:
Սեյրան Օհանյանը հիշատակում է հին փիլիսոփաներից մեկի խոսքերը. «Պետությունը ունի երեք հիմնական առաքելություն. քաղաքացիների պաշտպանություն օտարներից, պետության զարգացման և քաղաքացիների բարեկեցության ապահովում և երկրում արդարության մթնոլորտի ձևավորում», և աթե այդ թեզիսների թեկուզ մեկից շեղվենք, ապա, նրա կարծիքով, սկսվում է պետական համակարգի ճգնաժամ և դրա գոյությանը վտանգ է սպառնում, ինչի վառ օրինակը ԽՍՀՄ-ն է:
Նախկին նախարարի համոզմանմբ, եթե հայ ժողովուրդը չկարողանա առկա արատավոր համակարգը փոխել խաղաղ ճանապարհով, ապա վաղը կհայտնվի հեղաշրջումների և արյունալի ցնցումների վտանգի առջև, ինչը հարվածի տակ կդնի թե Հայաստանը, թե Արցախը: Ահա թե ինչու է նա որոշել հանդես գալ բաց քաղաքական դաշտում և իր համախոհների հետ պատրաստվում է ժողովրդին ներկայացնել համակարգի փոփոխության առարկայական ծրագիր:
Օհանյանը հավաստիացնում է, որ պետության կառավարման ոլորտում իր փորձն, անկասկած, կօգնի փոփոխություններ իրականացնելու գործում, հավելելով, որ բարձր է գնահատում իր շուրջ հավաքված բոլոր քաղաքական գործիչների ջանքերը: Նրա ասելով, յուրաքանչյուրի կարծիքը հաշվի կառնվի` հանուն ժողովրդի բարօրության պայքարի եղանակներ ընտրելիս: Սեյրան Օհանյանը խոստանում է, որ հաջորդ տեսաուղերձներում իրենք մանրամասն և ըստ ոլորտների կներկայացնեն Հայաստանի տնտեսության զարգացման տեսլականը: