Արմինֆո. Դանիայի խորհրդարանի ընդունած՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը, ըստ էության, սեփական պատմությունը ճանաչելու կոչ է Թուրքիային, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Այն փաստը, որը դանիացի խորհրդարանականներն իրենց մտահոգությունն են հայտնում «ցեղասպանություն» եզրույթի օգտագործման օրենսդրական արգելքի առնչությամբ, աներկիմաստ կոչ է Անկարային՝ ճանաչելու սեփական պատմությունը և անցյալի հանցանքները»,- նշել է փոխխոսնակը՝ ողջունելով Դանիայի խորհրդարանի կողմից բանաձևի ընդունումը:
Նա կրկին ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի, և այդ գործընթացը վճռականորեն առաջ է ընթանում: «Առանց անցյալի հանցագործությունների ճանաչման և դատապարտման՝ հնարավոր չէ կանխել դրանք ապագայում և ժողովրդավարության ու հումանիզմի արժեքների վրա հիմնված աշխարհ կառուցել»,- ասել է Շարմազանովը:
Նշենք, որ Դանիայի խորհրդարանն այսօր լիագումար նիստում ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձև: Փաստաթղթում, մասնավորապես, ափսոսանք է հայտնվում այն առնչությամբ, որ Թուրքիայում օրենսդրական մակարդակով արգելվում է 20-րդ դարասկզբի իրադարձությունները նկարագրելիս «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը, ինչպես նաև հնարավոր չէ այդ հարցի շուրջ գիտաժողովներ ու սեմինարներ անցկացնել, ինչն այդ երկրում խոսքի ազատության անհիմն սահմանափակում է: Միաժամանակ փաստաթղթում Դանիայի խորհրդարանը վերահաստատում է 2015 թվականի մայիսի 19-ի իր որոշումը, որը դատապարտում է «հայերի նկատմամբ իրականացված ջարդերը և բռնությունը»:
Հիշեցնենք, որ աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկիր ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Առաջինը Հայոց ցեղասանությունը ճանաչել է Ուրուգվայը, հետո` Արգենտինան, Ռուսաստանը, Բելգիան, Վատիկանը, Վենեսուելան. Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Կանադան, Կիպրոսը, Լիբանանը, Լիտվան, Նիդերլանդնները, Լեհաստանը, Սլո՝վակիան, Ֆրանսիան, Չիլին, Շվեյցարիան, Շվեդիան: Ուշագրավ է, որ Շվեյցարիան, Սլովակիան և Հունաստանն ընդունել են նաև Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնող օրենքներ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրախորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ խտրականության կանխարգելման և փոքրամասանությունների պաշտպանության ենթահանձնաժողովը, ՄԱԿ պատերազմական հանցագործությունների հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Նոր Հարավային Ուելսը (Ավստրալիա), Սան Պաուլուն, Սեարան և Պարանան (Բրազիլիա), Ուելսը, Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը), Բասկերի Երկիրը, Կատալոնիան, Բալեարյան Կղզիները (Իսպանիա), Քվեբեկը (Կանադա), Կիևը, Ուժգորոդը, Իզյումը, Գոլոսեևյան շրջանը (Ուկրաինա), Ղրիմը, ինչպես նաև ԱՄՆ նահանգների մեծ մասը: