


Արմինֆո.Պարզվում է` նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությունը, թե ՀՀԿ-ում իր տեղը երկար ժամանակ թափուր չի մնա, մարգարեական էր. նույն օրը երեկոյան ՀՀԿ-ին անդամակցելու իր ցանկության մասին հայտարարել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, որը մինչև վերջերս այդ քայլը կատարելու որոշում չէր կայացնում, հայտարարելով, որ մշակույթի ոլորտը չպետք է քաղաքականացվի:
Թե Արմեն Ամիրյանին ինչն է ստիպել վերանայել իր հայացքները` հայտնի չէ, սակայն ուշագրավ է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի թիմի միակ նախարարը, որն առայժմ չի «կոտրվել» և չի համալրել կառավարող կուսակցության շարքերը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն է:
Նշենք, ի դեպ, որ ՀՀԿ-ից Հովիկ Աբրահամյանի դուրս գալուց հետո շարքային անդամների տարհոսում է սկսվել: Իսկ այսօր կկայանա կուսակցության խորհրդի նիստ, որի ժամանակ կհաստատվի կառույցի նոր կազմը և, ամենայն հավանականությամբ, կձևավորվի նախընտրական շտաբը: Կորոշվեն նաև կուսակցության փոխնախագահների թեկնածությունները: Իսկ ահա կուսակցության վարկանշային և համամասնական ցուցակների հարցն այսօրվա նիստում, ըստ երևույթին, չի քննարկվի: ԱրմԻնֆո-ի աղբյուրների համաձայն, այդ հարցում պարզորոշություն կմտցվի մինչև փետրվարի 6-ը:



