Արմինֆո.Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը կոչ է արել զերծ մնալ Լեռնային Ղարաբաղ այցելության համար բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բաքվին արտահանձնելու Մինսկի դատարանի որոշման առնչությամբ հապճեպ եզրակացություններից, հունվարի 25-ին հայ-բելառուսական գործարար հանդիպման շրջանակներում լրագրողներին հայտարարել է բելառուսցի դիվանագետը:
Հայաստանում Բելառուսի դիվանագիտական ներկայացուցչությունից համապատասխան գնահատականներ սպասելը ճիշտ չէ, նշել է Նազարուկը՝ կոչ անելով այդ թեման քննարկել իրազեկ կառույցների հետ: «Դեսպանատունը չի տիրապետում այն տեղեկատվությանը, որն ինձանից սպասում եք: Հայաստանում կա Գլխավոր դատախազություն, կան այլ կառույցներ, որոնք կարող են բելառուսցի գործընկերների հետ փոխգործակցությամբ լուծել այդ հարցը»,- հայտարարել է դիվանագետը: Նրա խոսքով, չի կարելի մոռանալ այնպիսի հասկացության մասին, ինչպես՝ քննության գաղտնիությունը:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսեյ Ստուկը, ուսումնասիրելով Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին քրեական պատասխանատվության ենթարկելու համար արտահանձնելու վերաբերյալ Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը, որոշել էր բավարարել այն: Լապշինը բողոքարկել է այդ որոշումը, որի քննարկումը նախատեսվում է հունվարի 26-ին: Ռուսաստանի ԱԳՆ-ում ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել են, որ Մինսկում ՌԴ դեսպանությունն օրենսդրությամբ նախատեսված բոլոր միջոցները ձեռնարկում է Ալեքսանդր Լապշինի իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար: Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ԼՂՀ այցելելու համար Ադրբեջանի հարցմամբ Ալեքսանդր Լապշինի ձերբակալությունը, նշել էր, որ Ռուսաստանը դեմ է լրագրողների կամ, պարզապես, մասնավոր անձանց այս կամ տարածաշրջան այցելության քրեականցմանը: Նրա հավաստմամբ, ռուսական կողմը նաև դեմ է, որպեսզի որևէ երկրում ձերբակալված ՌԴ քաղաքացիներին արտահանձնեն երրորդ երկրի: Նա նաև հաղորդել էր, որ Լապշինի հետ եղել է հյուպատոսական շփում, և քանի որ նա նաև Իսրայելի քաղաքացի է, Իսրայելի դիվանագետները նույնպես նրա հետ շփումներ են պահպանում: «Ելնում ենք այն բանից, որ կձեռնակենք բոլոր միջոցները, որպեսզի իրավիճակը կարգավորենք ՌԴ քաղաքացու իրավունքների լիակատար հարգման պայմաններում, ով նաև Իսրայելի քաղաքացի է», - հայտարարել էր Լավրովը: Մինչդեռ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործը դիտարկվում է բացառապես իրավաբանական հարթությունում: