Արմինֆո.Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը երեքշաբթի օրվա նիստում մերժել է «Լրագրողների նկատմամբ հարձակումներն ու մամուլի ազատությունը Եվրոպայում» զեկույցի 9-րդ կետը վերանայելու մասին Հայաստանի պատվիրակության առաջարկությունը: Զեկույցը նախապատրաստել էր ԵԽԽՎ Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Արիևը:
Վերը նշված կետում ասվում է, որ ԵԽԽՎ մտահոգություն է հայտնում այն առնչությամբ, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված ԶԼՄ-ների ազատությունը բացակայում է անդամ երկրների այն տարածքներում, «որոնք դե-ֆակտո վերահսկվում են անջատական ռեժիմների կողմից, մասնավորապես, Ադրբեջանում` Լեռնային Ղարաբաղում, Վրաստանում` Աբխազիայում և Հրավային Օսիայում, Մոլդովայում` Մերձդնեստրում»: Հայաստանի պատվիրակությունն առաջարկել է վերոնշյալ անունները փոխարինել «հակամարտության գոտիներով», «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Խոսելով զեկույցում «Լեռնային Ղարաբաղին զարմանալի հղման մասին»` նա այն անվանել է բավական մանիպուլյատիվ։ «Պարոն Արիևը մամուլի ազատության զեկույցում նշում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է ու այն ոչ թափանցիկ ու անօրեն տարածք է։ Պարզ հարց է առաջանում. ինչո՞ւ է այս հղումն այնտեղ, քանի որ Ադրբեջանի կառավարությանն անհրաժեշտ է այն։ Կարծո՞ւմ եք, թե այս հղումն արվել է, քանի որ Ադրբեջանի կառավարությունը մտահոգված է մամուլի ազատությամբ։ Երբե՛ք։ Նրանք անհանգստանում են ավելի շատ Լեռնային Ղարաբաղում մամուլի ազատության մասին, բայց ոչ Ադրբեջանում։ Բոլորս լավ գիտենք, թե ինչ է կատարվում Ադրբեջանում։Սա իսկապես ծիծաղելի է», - ԵԽԽՎ-ում իր ելույթից մեջբերում է կատարել Ֆարմանյանը։
«Եվս մեկ հարց է առաջանում. ինչու է պարող Ալիևը գրել այս ձևակերպումն այստեղ։ Դժբախտաբար, ոչ այն պատճառով, որ պարոն Արիևն այցելել է Ղարաբաղ կամ կատարել փաստահավաք այց, նա անգամ չի օգտագործել «Freedom House»-ի զեկույցը, որտեղ Ղարաբաղն ավելի լավ ցուցիչ ունի, քան Ադրբեջանը, այլ քանի որ, ինչպես մենք տեսնում ենք նրա՝ ադրբեջանական մամուլին տրված հարցազրույցից, որտեղ նա ներողություն է խնդրում Իլհամ Ալիևից՝ ասելով, որ իր տատիկն ադրբեջանցի է», - ասել է Սամվել Ֆարմանյանը՝ կոչ անելով աջակցել ներկայացված փոփոխություններին։ «Եկեք հստակ ուղերձ հղենք նախագահ Ալիևին, որ նա պետք է գտնի շուկաներ առևտրի համար, Ստրասբուրգի փոխարեն»,- խոսքը եզրափակել է Սամվել Ֆարմանյանը։