Արմինֆո.ՌԴ և Հայաստանի քաղաքացիները կարող են միմյանց հյուր գնալ ներքին անձնագրերով: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ռուսաստանյան այցի շրջանակներում Կողմերը հայտագրեր են փոխանակել 2000թ. սեպտեմբերի 25-ի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրերի փոխադարձ այցելությունների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև համաձայնագիր: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Հունվարի 19-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՌԴ քաղաքացիների մուտքը ՀՀ ներքին անձնագրերով թույլ տալուն: Ինչպես հայտարարել էր փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, դա կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: «Դժվարանում եմ ասել, թե որքանով կավելանա զբոսաշրջիկների հոսքը Հայաստան, սակայն ակնհայտ է, որ նման պահանջի վերացումը կնպաստի ներգնա զբոսաշրջության աճին», - հայտարարել է Քոչարյանը: Նրա կարծիքով, համաձայնագիրն ուժի մեջ կմտնի մինչև ամառային արձակուրդները:
Ինչպես ավելի վաղ «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ բացառիկ հարցազրույցում նմշել էր Սերժ Սարգսյանը, «Գիտեք՝ մենք Ռուսաստանի հետ, ընդհանրապես, չունենք խնդրահարույց հարցեր։ Երբեմն լինում են հարցեր, որոնք լուծված չեն և տարակուսանք են առաջացնում։ Սա այդ հարցերից մեկն է։ Ես արդեն մի քանի տարի Վլադիմիր Վլադիմիրովիչի և Սերգեյ Վիկտորովիչի հետ խոսում եմ այդ մասին։ Նրանք ասում են. «Ռուսաստանի բնակչության 90 տոկոսը հնարավորություն չունի իր սովորական անձնագրերով մեկնել Հայաստան։ Ինչպե՞ս կարելի է։ Մենք չենք անցնում մաքսային հսկողություն, բայց անցնում ենք անձնագրային հսկողություն»։ Հասկանալի է, որ դրանք միայն տնտեսական հարցեր չեն։ Մենք անընդհատ ասում ենք, թե ինչպիսի լրացուցիչ ջանքեր գործադրել, որպեսզի Հայաստանում պահպանվի և տարածվի ռուսերենը։ Հասկանալի է, որ մեթոդներից մեկն այն է, որ ռեստորանում կամ հյուրանոցում, որտեղ ռուս զբոսաշրջիկներ են մնալու, անձնակազմը լավ իմանա ռուսերեն։ Եվ այդպես շարունակ։ Կարծում եմ, որ արդեն հաջորդ տարի մենք այստեղ մեծ աճ կտեսնենք»,-եզրափակել էր Սարգսյանը։
Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլի 7-ին Երևանում Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ ռուսական կողմը պատրաստ է Հայաստան ուղևորվելու համար ՌԴ ներքին անձնագրերի օգտագործման վերաբերյալ Հայաստանի կառավարության նախաձեռնության իրագործմանը: