Արմինֆո. Հայաստանի և ԵՄ միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցություններն ընթանում են բավական ինտենսիվ և կառուցողական հունով: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
Նրա խոսքով, նմանօրինակ բանակցությունները սովորաբար ավելի երկար են տևում: «Եթե հաշվի առնենք հանդիպումների հաճախակիությունը, երկխոսության տեմպերը, ապա ամեն բան, իրոք, շատ արագ է ընթանում: Դեռ բաց են մնում քաղաքական տեսակետից ոչ բարդ, սակայն ավելի հաջող փաստաթղթային ձևակերպման համար ժամանակ պահանջող որոշ հարցեր»,- ասել է եվրոպացի դիվանագետը: Ըստ որում, նա ավելացրել է, որ ԵՄ տեսակետից կան չլուծված հարցեր, որոնք ի հայտ են եկել այս ամիսներին բանակցությունների ընթացքում, սակայն որևէ կասկած չկա, որ դրանք կվերացվեն, քանի որ երկուստեք անկեղծ կառուցողական մոտեցում կա:
Խոսելով այն մասին, թե ինչի հետ են կապված ծագած խնդիրները՝ Սվիտալսկին նշել է, որ դրանք վերաբերում են 2013 թվականից հետո ի հայտ եկած հանգամանքներին, որոնց թվում են՝ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և մի շարք այլ հարցեր: Դիվանագետն ավելացրել է նաև, որ այսօր մի շարք հարցերի առնչությամբ ԵՄ-ն բոլորովին այլ մոտեցում ունի, քան կար, օրինակ, երեք տարի առաջ: Ավելին, Կազմակերպությունը լուրջ ուշադրություն է դարձնում այնպիսի հարցերի, ինչպես՝ ներդրումների պաշտպանությունը:
Նշենք, որ 2015 թվականի հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի խորհուրդը Եվրահանձնաժողովին և բարձր ներկայացուցչին լիզորել էր բանակցություններ սկսել Հայաստանի և ԵՄ միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ: Նոր համաձայնագիրը կփոխարինի Հայաստանի և ԵՄ միջև ընթացիկ համաձայնագիրը: Նոր համապարփակ համաձայնագրում նշվում է, որ ԵՄ ձգտում է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման բոլոր այն բնագավառներում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում Արևելյան գործընկերության շրջանակում: Նույն տարվա դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ԵՄ կենտրոնակայանում հայտարարել էին Հայաստանի և ԵՄ միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին: