Արմինֆո.ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը այսօր Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Ֆիլիպ Բուայային:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում Ֆիլիպ Բուայան կարևորել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր օրենքի ընդունումը՝ պատրաստակամություն հայտնելով ավելի խորացնել առկա համագործակցությունը: Ըստ այդմ, պայմանավորվածություններ են ձեռք բերվել խորացնելու համատեղ ծրագրերը և իրականացնելու նոր ծրագրեր ազատությունից զրկված անձանց, զինծառայողների իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներում: Կարևորվել է քաղաքացիական հասարակության և լրագրողների հետ սերտ աշխատանքը:
Պաշտպանը Ֆիլիպ Բուայաի հետ քննարկել է նաև Ալեքսանդր Լապշինի արտահանձնման հարցը: Արման Թաթոյանը, մասնավորապես, նշել է, որ նրա արտահանձնման որոշումն ունի քաղաքական բնույթ, ուղղակիորեն վտանգում է խոսքի ազատությունը և անթույլատրելի նախադեպ ստեղծելու փորձ է: Այն կոպտորեն խախտում է իրավունքների պաշտպանության եվրոպական համակարգը: Լրագրողների այցը Արցախ ունի կանխարգելիչ նշանակություն և դա չի կարող լինել որևէ հետապնդման առարկա: Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի՝ այս դեպքը շատ ավելի է արդիական դարձնում այն, որ պետք է ակտիվանան այցերը Արցախ ու Արցախի Օմբուդսմանի և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջազգային գործընթացներին:
Պաշտպանը Ֆիլիպ Բուայային է հանձնել նաև 2016 թվականի դեկտեմբերի վերջին և 2017 թվականի հունվարի սկզբին Ադրբեջանական զինված ուժերի կողմից Չինարի գյուղը զինված հարձակման ենթարկելու արդյունքների վերաբերյալ զեկույցը: Կազմվել է հատուկ ինտերակտիվ զեկույց, որը լիազրժեք արտահայտում է փաստահավաք աշխատանքների արդյունքները: