Արմինֆո. ԵԽԽՎ Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական խումբը քննարկում է Լուկա Վոլոնտեին Միլանի դատախազության կողմից առաջադրված մեղադրանքը՝ Ադրբեջանից կաշառք ստանալու մասին: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:
«1 ժամ 45 րոպե... ԵԽԽՎ Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական խումբը քննարկում է մեկ հարց՝ ԵԺԿ խմբի նախկին նախագահ, իտալացի Լուկա Վոլոնտեին Միլանի դատախազության կողմից առաջադրված մեղադրանքը՝ Ադրբեջանից կաշառք ստանալու մասին։ ԵԺԿ-ում կրքերը եռում են... Ադրբեջանական լոբբին մարտի է նետել իր բացահայտված ու բացահայտվող բոլոր հաճախորդներին։ Մեր պնդումն է՝ ԵԽԽՎ-ն պետք է հատուկ զեկուզող-հետաքննիչ նշանակի այդ հարցով, ով կարճ ժամկետում ԵԽԽՎ-ին կզեկուցի կոռուպցիոն այդ սկանդալի մասին, ինչը կասկածի տակ է դրել ԵԺԿ-ի հեղինակությունը ողջ Եվրոպայում»,- գրել է հայ խորհրդարանականը:
Ավելի վաղ «Կայունության եվրոպական նախաձեռնությունը» հրապարակել է
«Խավիարային դիվանագիտություն. եվրոպական ճահիճ» խորագրով հետաքննության երկրորդ մասը, որում բացահայտվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված կոռուպցիոն սխեմաներ, որում ներքաշված են բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաներ: Հետաքննության մեջ նկարագրվում է ադրբեջանցի իշխանությունների կապը խորհրդարանական Լուկա Վոլոնտեի հետ, ով 3 միլիոն եվրո է ստացել Ադրբեջանից «իր կեղտոտ լոբբիստական ծառայությունների համար»: Հետքերը տանում են նաև դեպի ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը, ով 2003, 2005, 2010 և 2013 թթ. եղել է Ադրբեջանում՝ որպես ընտրություններում դիտորդ, և մշտապես պաշտպանել է Բաքվին, երբ խոսքը վերաբերել է այդ երկրում մարդու իրավունքների խախտումներին: Այս առնչությամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլը և եվրոպական վեց երկրներում նրա պաշտոնական ներկայացուցիչները կոչ են արել Եվրոպայի Խորհրդի երեք բարձրագույն պաշտոնակատարներին` հետաքննելու այդ կազմակերպության ներսում առկա կոռուպցիայի վերաբերյալ լուրջ մեղադրանքները և հայտնել իրենց խորին մտահոգությունը Եվրոպայի մարդու իրավունքները պաշտպանող ամենակարևոր կառույցում արդյունավետ հակակոռուպցիոն ներքին մեխանիզմների ակնհայտ բացակայության կապակցությամբ:
Բացի այդ, ադրբեջանցի իրավապաշտպաններ, ակտիվիստներ և նախկին քաղբանտարկյալներ՝ լրագրող Հադիջա Իսմայլովան, փաստաբան Ինթիգամ Ալիևը, նամակ են գրել ԵԽԽՎ անդամներին՝ կոչ անելով անհապաղ համապատասխան միջոցներ ձեռնարկել: «Մենք կոչ ենք անում ԵԽԽՎ-ին վերացնել մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կազմակերպություններում կոռուպցիայի և անիրավաչափ գործողությունների բոլոր հետքերը և ամուր դիրքորոշում հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների առնչությամբ»,-գրել են ակտիվիստները: