Արմինֆո.Ադրբեջանական Lider TV հեռուստաալիքի Ռուսաստանի թղթակից Անար Գասանովին աշխատանքից հեռացրել են այն բանից հետո, երբ նա Ռուսսատանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին հարց էր տվել Լեռնային Ղարաբաղի «ազատագրման» մասին:
Ինչպես հաղորդում է Minval-ը, Ռուսաստանում լրագորողի գործունեությունը դադարեցնելու «միջնորդությամբ» հանդես է եկել անձամբ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Պոլադ Բյուլբյուլօղլուն: Ադրբեջանցի դիվանագետի համոզմամբ, այդ «սադրիչ» հարցը վնաս է պատճառել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերություններին:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ամենամյա ամփոփիչ ասուլիսի ժամանակ Գասանովը հարցրել էր, թե ինչպիսին կլինի Մոսկվայի դիրքորոշումը «օկուպացված տարածքներում հակաահաբեկչական և օկուպացիոն ուժերից մաքրելու գործողություն սկսվելու դեպքում, արդյոք Մոսկվան աչք կփակի, թե կմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին»: Ի պատսխան` Լավրովը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունն արդեն վաղուց ինչ-որ աբստրակտ բան չէ և ոչ էլ` բացառապես Ադրբեջանի ներքին գործերի թեմա: Ռուսաստանի արտգործնախարարը հիշեցրել էր, որ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մի ամբողջ գործիքակազմ, նախևառաջ, այն որոշումները, որոնք կայացվել են ՄԱԿ Անվտանգության խորհրդում հակամարտության ամենաթեժ պահին և պահանջում էին կրակի դադարեցում: «Այն ժամանակվանից ի վեր ուժի մեջ է օկուպացված տարածքներն ազատելու պահանջը, սակայն ոչ մի դեպքում` ուժով, այլ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանման դեպքում», - նշել էր Ռուսաստանի արտգործնախարարը: Այդ համատեքստում նա հավելել էր, որ այդ ամենն ամրագրված է Մինսկի խմբի բազմաթիվ փաստաթղթերում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ընդունած և ստորագրած հայտարարություններում և փաստաթղթերում: «Վեճերի խաղաղ կարգավորումն այնտեղ ամրագրված է առանց որևէ երկիմաստության», - ընդգծել էր Լավրովը: