Արմինֆո.Ավստրիայի խորհրդարանում ներկայացված Լիբերալ կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, երկրի արտգործնախարար Սեբաստիան Կուրցին կոչ անելով նոր խթան հաղորդել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` օգտվելով ԵԱՀԿ նախագահությունից, հաղորդում է Austria Presse Agentur-ը:
«Միայն անցյալ տարի Ադրբեջանի ռազմատենչ գործողությունների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել ղարաբաղյան հակամարտության գոտում: Հետագայում դա կանխարգելելու համար ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է օժտված լինի իրական լիազորություններով», - ասվում է հայտարարությունում: Հայտարարության հեղինակների համոզմամբ, 2000 թվականի սկզբին հակամարտության կարգավորումը մոտ էր, սակայն այժմ գործընթացում դիտվել է լճացում: «ԵԱՀԿ ՄԽ-ն կողմերին պետք է վերադարձնի մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցություններին, այլապես դժվար կլինի խուսափել նոր սրումից: Լեռնային Ղրաբաղը զարգանում է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումներով և կարիք ունի տևական խաղաղության: Եվ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը պարտադիր պետք է կիրառվի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ», - ամփոփել են հայտարարության հեղինակները: