Արմինֆո.Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի շուրջ համախմբված նախընտրական դաշինքն ընդլայնվում է. նախօրեին դրան հարել է Պարույր Հայրիկյանի գլխավորած «Ազգային ինքնորոշում միավորումը»:
Ավելի վաղ այդ դաշինքին էին միացել Վիկտոր Դալլաքյանի գլխավորած «Երրորդ հանրապետությունը», նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «Համախմբումը», Արամ Սարգսյանի Դեմոկրատական կուսակցությունը, Տիգրան Կարապետյանի Ժողովրդական կուսակցությունը և ԱԱՆ հատուկ նշանակության ջոկատի նախկին պետ Արթուր Ալեքսանյանի գլխավորած շարժումը: Դաշինքին հարել է նաև Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը:
Օրերս Սեյրան Օհանյանն արդեն պաշտոնապես հայտարարել էր խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, որոնք, նրա համոզմամբ, ի զորու են արմատական փոփոխություն մտցնել երկրում առկա իրավիճակում: Օհանյանը նաև սուր քննադատության էր ենթարկել երկրում տիրող իրավիճակը` նշելով համատարած կոռուպցիան, օրինախախտումներն ու անարդարությունը և ընդգծելով շուտափույթ բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշությունը:
Որոշակի համախմբում է տեղի ունենում նաև «Գագիկ Ծառուկյան» դաշինքի շուրջ: Այսպես, նրան հարել է Ստեփան Դեմիրճյանի գլխավորած ՀԺԿ-ն, ով օրերս խոսում էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ հետ «հավերժ բարեկամության» մասին: Սակայն, ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, իր համար արժանի տեղ չգտնելով ՀԱԿ համամասնական ցուցակում, Դեմիրճյանը հարել է «Գագիկ Ծառուկյան» դաշինքին, որի նախընտրական ցուցակում եզրափակում է առաջին հնգյակը: Չորրորդը ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանն է, երրորդը` Հսկիչ պալատի ղեկավար և միաժամանակ դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Իշխան Զաքարյանը, երկրորդը գործարար Խաչատուր Սուքիասյանն է, իսկ ցուցակը գլխավորում է ինքը` Գագիկ Ծառուկյանը: