Արմինֆո. Մեկ տասնամյակ անց դատավարությունն ի հայտ չի բերել Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչներին, հայտարարել է ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը` հունվարի 19-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի 1128-րդ նիստում, որը նվիրված էր «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր, ականավոր լրագրող և մտավորական Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, դեսպանն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանի առաքելության կողմից տարիներ շարունակ այդ հարցը պարբերաբար բարձրացվել է, ինչին թուրքական պատվիրակությունը մշտապես պատասխանել է, թե անհրաժեշտ է սպասել հետաքննության արդյունքներին: Դեսպանը նաև համոզմունք է հայտնել, որ լրագրողների, համայնքային առաջնորդների և մտավորականների նկատմամբ բռնությունների ու սպանությունների բացահայտման ձախողումը ստեղծում է անպատժելիության մթնոլորտ և դրանով իսկ խրախուսում անհանդուրժողականությունը:
Նա իր խոսքում հիշատակել է, որ Հրանտ Դինքը ճնշման է ենթարկվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր մոտեցումների և հայտարարությունների համար: «Ցավոք, Դինքի սպանությունից տաս տարի անց Թուրքիայում շարունակում է գերակայել ճշմարտության և արդարության ձգտող անձանց լռեցման նույն գործելաոճը: Դրա մասին է վկայում Թուրքիայի խորհրդարանի նիստերին պատգամավոր Գարո Փայլանի մասնակցության արգելքը: Տեղեկություններ են հայտնվել անգամ, որ որոշ քաղաքական կուսակցություններ փորձում են քրեական գործ հարուցել նրա դեմ՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա խոսքը համարելով այլատյացություն» -նշել է դեսպանը:
Արման Կիրակոսյանն ընդգծել է, որ Թուրքիան ԵԱՀԿ-ում իրեն ներկայացնում է որպես կրոնական խմբերի հանդեպ հանդուրժողականության և խտրականության վերացման ջատագով՝ միաժամանակ հանդուրժողականություն չցուցաբերելով բնիկ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ, որոնց որոշ հատվածներ կարողացել են վերապրել ու գոյատևել մերօրյա Թուրքիայում: Կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համատեքստում դեսպան Կիրակոսյանը հիշեցրել է թուրքական պատվիրակությանը, որ հայկական կողմն արդեն իսկ մեկ տարի է սպասում է Թուրքիայի պարզաբանումներին՝ թուրքական իշխանությունների կողմից Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու և դրա տարածքի առգրավման հետ կապված:
Հրանտ Դինքն սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին «Ագոս» թերթի խմբագրության շենքի առջև: Մինչ սպանությունը նա իր հրապարակումներում հաղորդել էր, որ իրեն հասցեագրված սպառնալիքներն ավելի հաճախակի են դարձել, իսկ ոստիկանությունը հրաժարվում է իրեն պաշտպանել հնարավոր մահափորձից: Դինքի գործով դատավարությունն ավարտվեց միանգամայն անփառունակ: Այդպես էլ չպարզվեցին սպանության պատվիրատուները, չուսումնասիրվեցին դատարան ներկայացված որոշ փաստեր և վկայություններ: 25-րդ դատական նիստի ժամանակ, որը կայացավ 2011 թվականի հունվարի 17-ին, դատարանն ազատ արձակեց սպանության կազմակերպման համար գլխավոր կասկածյալներից մեկին` Էրհան Թունջելին: Դատարանը 22 տարի 10 ամսվա ազատազրկման դատապարտեց Օգյուն Սամասթին, որը դարձել էր սպանության գործիք, սպանությանը մեղսակցության համար մեղադրվող Յասին Հալալը դատապարտվեց ցմահ ազատազրկման: 2013 թվականի սպետեմբերի 17-ին դատական գործընթացը վերսկսվեց, իսկ 2015 թվականի հունվարի 19-ին գործի շծրջանակում ձերբակալվեց Ջիզրեի նախկին ոստիկանապես Էրջան Դեմիրը, սակայն քննությունն առ այսօր չի ավարտվել, իսկ պատվիրատուն չի գտնվել: