Արմինֆո.Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարարի վերջին հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրի արտգործնախարարի չափազանց հստակ, տեղին ու դիպուտ պատասխան է: Այդ մասին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Լավրովի պատասխանին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանցի լրագրողի հարցին:
Նրա ասելով, իր հայտարարությամբ Լավրովը հստակ ընդգծել է, որ Ադրբեջանը չպետք է որոշի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և առանց այդ կարգավիճակի սահմանման խնդրի կարգավորում չկա: «Դրանով իսկ Լավրովը հաստատել է հայկական կողմի այն դիրքորոշումը, որ առանց Ղարաբաղի կարգավիճակը որոշելու հնարավոր չէ հակամարտությունը կարգավորել, հերքելով Բաքվի այն առակները, թե ստեղծված իրավիճակում առաջնայինը տարածքները վերադարձնելն է: Համանման հայտարարություն եմ ակնկալում նաև Մինսկի եռյակի անդամ մյուս երկրներից», - ամփոփել է Շարմազանովը:
Ամենամյա ամփոփիչ ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցին, նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունն արդեն ինչ-որ աբստրակտ բան չէ և ոչ էլ` բացառապես Ադրբեջանի ներքին գործը: Ռուսաստանի արտգործնախարարը հիշեցրել էր, որ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մի ամբողջ գործիքակազմ, նախևառաջ, այն որոշումները, որոնք կայացվել են ՄԱԿ Անվտանգության խորհրդում հակամարտության ամենաթեժ պահին և պահանջում էին կրակի դադարեցում: «Այն ժամանակվանից ի վեր ուժի մեջ է օկուպացված տարածքներն ազատելու պահանջը, սակայն ոչ մի դեպքում` ուժով, այլ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանման դեպքում», - նշել է Ռուսաստանի արտգործնախարարը: Անդրադառնալով ապրիլյան իրադարձություններին` Լավրովն ընդգծել էր, որ 2016 թվականի ապրիլին տարածաշրջանում տեղի ունեցած արյունալի իրադարձությունները խորը տագնապ են հարուցում: «Ռուսաստանը վճռական դեր խաղաց այն պահին արյունահեղության դադարեցման գործում: 2016 թվականի ապրիլին հակամարտության սրումից հետո Վիեննայի և Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում ձեռք են բերվել միջադեպերի հետաքննման մեխանիզմների ստեղծման շուրջ պայմանավորվածություններ, հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ մեղադրանքները, և անմիջականորեն շփման գծում ԵԱՀԿ դիտորդների թիվն ավելացնելու անհրաժեշտության շուրջ պայմանավորվածություն: «Հետաքննության մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտության մասին խոսվել է նաև Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների Աստրախանի հանդիպման ժամանակ: Դժբախտաբար, նույնիսկ դրա համար անհրաժեշտ տարրական բանը` միջադեպերի հետաքննման մեխանիզմը և շփման գծում դիտորդների թվի ավելացումը չի կարող կյանքի կոչվել, քանի որ ԵԱՀԿ-ում առայժմ փոխհամաձայնությունն չկա: Նման փոխհամաձայնության բացակայության պատճառի մասին կարելի է հետաքրքրվել այդ կազմակերպության ներկայացուցիչներից», - եզրափակել էր Լավրովը: