Արմինֆո.Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 19-ին ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին: Ինչպես հաղորդում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը, համաձայն հրամանագրի, հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի նախաձեռնությանը ԼՂՀ Ազգային ժողովի կողմից տրված համաձայնությունը, Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեն նշանակվել է 2017 թվականի փետրվարի 20-ին:
Փաստաթղթի համաձայն, առաջարկվում է կառավարման նախագահական և խորհրդարանական համակարգերի զուգակցված տարբերակ: Առաջարկվող հայեցակարգը նախատեսում է կառավարման կիսանախագահական մոդելից անցում նախագահականի, քանի որ հանրապետության նախագահը կղեկավարի կառավարությունը, իսկ վարչապետի պաշտոն չի լինի:
Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ներկայացվել էր 2016 թվականի օգոստոսին: Հասարակական և քաղաքական քննարկումներից հետո հունվարի 17-ին ԼՂՀ խորհրդարանը որոշում է կայացրել սահմանդրական բարեփոխումների նախագծի շուրջ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ: Նիստին ներկա 28 պատգամավորներից 20-ը «կողմ» է քվեարկել այդ որոշմանը, «դեմ»` 7-ը, 1-ը ձեռնպահ է մնացել: