Արմինֆո.Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատգամավոր Կարո Փայլանին զրկել են Թուրքիայի խորհրդարանի երեք նիստերի մասնակցելու իրավունքից` ԹԱՄԺ ամբիոնից Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ ելույթի առնչությամբ:
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը սահմանադրական բարեփոխումների քննարկման ժամանակ, անդրադառնալով 1913-1923 թթ. իրադարձություններին, մասնավորապես, հայտարարել է, որ այդ տարիներին հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրագործվել, քանի որ մինչ այդ հայերը կազմել են բնակչության 40%-ը, մինչդեռ այժմ մեկ հազարերորդական մասն են:
Թուրքիայի խորհրդարանի նիստերից իրեն ժամանակավորապես հեռացնելու առնչությամբ Փայլանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ ցեղասպանություն իրագործած հանցագործը բնավ թուրք ժողովուրդը չէ, այլ` միշտ ոճիր գործող և դրա համար պատասխանատվություն չկրող ֆաշիստական մենթալիտետը: Ընդ որում, նա ընդգծել է, որ իրենց ապօրինաբար պատժել են Թուրքիայի ազգային մեծ ժողովի ամբիոնից «ցեղասպանություն» բառն արտաբերելու համար: ԹԱՄԺ հայազգի պատգամավորը հիշեցրել է, որ խորհրդարանի ամբիոնից ինքը բազմիցս ցեղասպանություն է որակել իր ժողովրդի հանդեպ կատարվածը, և նման հակազդեցություն չի եղել: «Սակայն երբ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը սկսեց ջուր լցնել «Ազգայնական շարժում» կուսակցության ջրաղացին, ավելի վաղ գործող տաբուները կրկին հայտնվեցին` ինչպես ուրվականներ», - եզրափակել է Փայլանը: