Արմինֆո. Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցչի գրասենյակը տեղեկացված է 2016 թ. դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած արյունոտ միջադեպի մասին: Այդ մասին ԱՊԱ-ին հայտնել են Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի մամուլի ծառայությունում: Միաժամանակ մամուլի ծառայությունում մտահոգություն են հայտնել կատարված միջադեպի առնչությամբ. «Այս առնչությամբ կրկին ցանկանում ենք կոչ անել կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը: Մենք ամբողջովին աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Մենք աջակցում ենք Մինսկի խմբի՝ հունվարի 9-ին արած հայտարարությանը, որում կոչ է արվում անհապաղ վերադարձնել մարդկային մնացորդները՝ 2010 թ. դեկտեմբերին Աստրախանի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ նկատի առնելով այս հարցի բացառապես մարդասիրական բնույթը: Պետք է հարգանքով վերաբերվել միջազգային հումանիտար իրավունքին»: Նշվում է նաև, որ Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը մտադիր է այս տարի մշտական այցեր կատարել տարածաշրջան, բարձր մակարդակով խորհրդակցություններ անցկացնել Ադրբեջանում և Հայաստանում: «Մենք, իրոք, հուսով ենք, որ այս տարի կարևոր քայլեր կձեռնարկենք հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Մենք պատրաստ ենք աջակցել նման ջանքերին»:
2016 թվականի դեկտեմբերի 29 ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՀՀ զինված ուժերը մարտի էին բռնվել հակառակորդի հետ։ Ինչպես հաղորդել էր Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, հայկական կողմը կրել էր կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել էին ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը:
Ըստ Արծրուն Հովհաննիսյանի, հակառակորդը կրել է մինչև 7 զինծառայողի կորուստ, որոնցից մեկի դիակը նահանջելիս թողել է Հայաստանի տարածքում: Եվս 5 ադրբեջանցի զինծառայող էր սպանվել դեկտեմբերի 30-ին ՀՀ ԶՈՒ ձեռնարկած պատժիչ միջոցառումների ընթացքում: