Արմինֆո.Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում դիվերսիոն և սադրիչ գործողություններով Ադրբեջանն, ըստ էության, ցույց է տալիս, որ հրաժարվում է քայլեր ձեռնարկել խաղաղ բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Տավուշի ուղղությամբ այսօր ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին:
«Ադրբեջանն ակնհայտ հրաժարվում է բանակցությունների վերսկսման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելուց, իսկ դա նշանակում է, որ ուժի կիրառմամբ հարցի հանգուցալուծումն Ադրբեջանի համար ակտիվ քննարկվողներից է: Քանի այս իրավիճակը շարունավում է, պետք է սպասել նորանոր սադրանքների»,- ասել է Աբրահամյանը:
Նշենք, որ դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Ինչպես հայտնել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, պետական սահմանին ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն ներթափանցման փորձի հետևանքով զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: Ըստ Հովհաննիսյանի, հակառակորդը նահանջելիս հայկական կողմում թողել է մեկ սպանված: Ադրբեջանական կողմի զոհերի մասին ավելի որոշակի տվյալներ դեռ չկան: «ՀՀ պաշտպանության նախարարությունը տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների: Տեղի ունեցած սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - ասվում է ՊՆ հաղորդագրությունում: