Արմինֆո.Նախագահ Սերժ Սարգսյանը վստահ է, որ 2017թ. խորհրդարանական ընտրությունները կարևոր հանգրվան են Հայաստանի արդյունավետ կառավարման տեսլականը կյանքի կոչելու համար: Այդ մասին նա հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը:
Մասնավորապես, ինչպես նշել է Սարգսյանը, արտաքին քաղաքականության արդյունավետությունը ուղղակիորեն պայմանավորված է երկրի կառավարման արդյունավետությամբ: «Ուրախ եմ, որ անցնող տարում մենք ականատեսը եղանք քաղաքական հասունության օրինակի, երբ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը կարողացան միակարծություն, ավելի ստույգ՝ կոնսենսուս ձևավորել ընտրական գործընթացների օրինականության վերահսկման մեխանիզմների սահմանման շուրջ: Այս առումով, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել միջազգային դոնորների ցուցաբերած ֆինանսական և խորհրդատվական աջակցության համար»,- նշել է Սարգսյանը:
Ըստ որում, նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանի իշխանությունները վճռական են անցկացնելու օրենսդրության և միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ: «Հույս ունեմ, որ դրանք կդառնան մեր 25-ամյա անկախության ընթացքում լավագույն ընտրությունները: Այդ գործընթացում մենք սերտորեն համագործակցելու ենք միջազգային հանրության հետ՝ ակնկալելով վերջինիս կառուցողական, պատասխանատու, անկողմնակալ ներգրավվածությունը»,- ընդգծել է նա:
Նշենք, որ սեպտեմբերի 13-ին իշխանության և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները 444 ձևաչափով նոր փաստաթուղթ են ստորագրել ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացման լրացուցիչ մեխանիզմների ստեղծման շուրջ: Հոկտեմբերի 20-ին ՀՀ խորհրդարանը 102 ՙկողմ՚, 4 ՙդեմ՚ և 4 ՙձեռնպահ՚ ձայնով հավանություն է տվել Ընտրական օրենսգրքում փոփոխությունների և լրացումների նախագծին: Նոր փաստաթուղթը նախատեսում է քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակում, ինչը արվում է՝ քվերակությանը քաղաքացիների մասնակցության գործընթացի նկատմամբ վերահսկողություն սահմանելու և կրկնակի քվարկությունը կամ կեղծ փաստաթղթերով քվեարկությունը թույլ չտալու նպատակով: Երկրորդ կարևոր փոփոխությունը վերաբերում է ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրմանը: Ըստ որում հեռարձակումը պետք է իրականացվի օնլայն ռեժիմով, իսկ նյութերը ենթակա են արխիվացման: