
Արմինֆո.Ավարտվող տարում հայ-ռուսական փոխգործակցությունը բոլոր մակարդակներում աչքի է ընկել բարձր արդյունավետությամբ և բովանդակալից բնույթով, հարաբերությունները կառուցվել են փոխադարձ վստահության և հարգանքի հիման վրա, հարցերը լուծվել են օպերատիվ, հստակ և ներդաշնակ: Այդ մասին ասվում է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի ուղերձում` հղված ՌԴ դիվանագիտական գերատեսչությունում կազմակերպված ընդունելության մասնակիցներին: Ուղերձն ընթերցել է ՌԴ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Անդրեյ Իվանովը:
Ուղերձում հիշեցվում է, որ շարունակվել են ակտիվորեն զարգանալ առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար կապերը, իրականացվել է պատվիրակությունների և գործարար առաքելությունների ինտենսիվ փոխանակում, հոկտեմբերին Երևանում կայաց լ է ՀԱՊԿ ՀԱԽ հանդիպում, որին մասնակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ապրիլին և մայիսին Հայաստան է այցելել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, կայացել են բարձր մակարդակի մի շարք այլ այցեր, որոնք հաստատում են երկու երկրների միջև քաղաքական փոխգործակցության մակարադակը: «Պատշաճ մակարդակում է ռազմաքաղաքական ոլորտի համագործակցությունը: Այն մեր երկկողմ հարաբերությունների կարևոր տարրն է, համապատասխանում է երկու պետությունների շահերին և ունի ծանրակշիռ աշխարհաքաղաքական նշանակություն տարածաշրջանում: Համոզված եմ, որ մեր երկրների միջև վստահական, դաշնակցային հարաբերություններն ունեն տևական հեռանկար», - ասվում է Վոլինկինի ուղերձում:
ՌԴ դեսպանն իր ողջույնի խոսքում անդրադարձել է նաև Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությանը, Սոչիի մոտ ՌԴ ՊՆ ինքնաթիռի կործանմանը և ապրիլին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցած իրադարձութուններին:
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանն, իր հերթին, հայտարարել է, որ անցնող տարին սովորական չէր, այն ծանր էր թե Հայաստանի, թե Ռուսաստանի, թե ողջ աշխարհի համար: Այդ համատեքստում նա հիշատակել է Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս հայկական կողմի կրած կորուստների մասին, ընդգծելով, որ Հայաստանը միշտ եղել է խաղաղության կողմնակից, քանի որ լավ գիտի դրա գինը, և, ելնելով դրանից, միշտ արել է հնարավորինը` ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման համար: Հայաստանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ 2017 թվականը հնարավորություն կընձեռի տեսնելու համատեղ ջանքերի պտուղները:
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին` Նալբանդյանը փաստել է, որ տարին հագեցած էր տարբեր մակարդակների փոխադարձ այցերի առումով, ինչը թույլ է տվել նոր խթան հաղորդել տարբեր ոլորտներում առկա հարաբերություններին, ինչպես նաև նախանշել փոխգործակցության նոր ուղղություններ: «Մեր հարաբերություններում շատ բան է արվել, և համատեղ ջանքերի շնորհիվ 2017 թվականին կհաջողվի էլ ավելի խորացնել և ընդլայնել մեր դաշնակցային փոխգործակցությունը ամենատարբեր բնագավառներում», - եզրափակել է Հայաստանի արտգործնախարարը: