
Արմինֆո.Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն, ակնհայտորեն, այն առաջնորդն է, որի շուրջ պետք է տեղի ունենա համաժողովրդական համախմբում, և որը պետք է երկիրը տանի արմատական բարեփոխումների: Այդ մասին հայտարարել է «Միացյալ Հայաստան» միավորման նախաձեռնող խմբի անդամ, նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Նրա ասելով, Սեյրան Օհանյանը, որպես զորահրամանատար, շատ բան է արել Հայաստանի համար և պատրաստ է դեռ շատ բան անել, սակայն` արդեն քաղաքական ասպարեզում: Ընդ որում, Արշակյանը չի հերքել շրջանառվող այն կարծիքը, թե Օհանյանը, որպես պաշտպանության նախարար, պատասխանատվության իր բաժինն ունի ապրիլյան պատերազմի և դրա հետևանքների համար: «Սակայն, կրկնում եմ, նա արժանի առաջնորդ է, որը կարող է երկիրը տանել բարեփոխումների», - նշել է Արշակյանը:
Նա ընդգծել է, որ Օհանյանը դիկտատոր առաջնորդ չէ, չի ճնշում ուրիշի կարծիքը և բռնությամբ իրենը չի պարտադրում: «Միայն շատ քիչ հարցերում է Օհանյանը պահանջում լիակատար համախմբում, իսկ, ընդհանուր առմամբ, նա ազատական և ժողովորդավար գործիչ է», - հայտարարել է Արշակյանը, ընդգծելով նաև, որ Օհանյանը հանդես է գբալիս հօգուտ բոլոր օրինախախտների բացահայտման, որոնք երբևէ եղել են իշխանությունում, և նրանց պատասխանատվության ենթարկման:
Հիշեցնենք, որ վերջերս պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը, իշխանական շրջանակներից ստացված լուրերի համաձայն, իր պաշտոնանկությունից հետո վիրավորված է երկրի իշխանությունից, հանդես էր եկել հայտարարությաբ, մտադրություն հայտնելով մտնել քաղաքականություն` Հայաստանում կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու նպատակով: Նրա շուրջ համախմբվել են մի քանի քաղաքական ուժեր` նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանի գլխավորած «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած «Համախմբումը», «Ժառանգությունը» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, ինչպես նաև ԱԱՆ հատուկ նշանակության ջոկատի նախկին պետ Արթուր Ալեքսանյանի (Ամարասի Արթուր) հիմնադրած «Միացյալ Հայաստան» շարժումը: Միավորմանը մտադիր են հարել Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը և Հայաստանի ազգային անվտանգության նախկին նախարարա Կարլոս Պետրոսյանը, Սփյուռքի գործիչներ Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը, Սերժ Թանկյանը: Շրջանառվող լուրերի համաձայն, դաշինքի հետևում կանգնած է նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, սակայն նրա գրասենյակը հերքել է դա: ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, դաշինքը ֆինանսավորելու է նաև ՌՀՄ ղեկավար Արա Աբրահամյանը և ռուսաստանցի հայ գործարար Անդրանիկ Նիկողոսյանը: