


Արմինֆո.Աշխարհաքաղաքականության տեսանկյունից տարին Հայաստանի համար կարևոր էր, նա կարողացավ ոչ միայն դիմակայել արտաքին ագրեսիային, այլև դրանից դուրս գալ որպես հաղթող: Դեկտեմբերի 23-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել թուրքագետ, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա ասելով, Հայաստանի զինված ուժերի ապրիլյան հաղթանակն ընդգծել է մեկ կարևոր փաստ. անցած տարիներին Հայաստանը կարողացել է ամրապնդել իր ռազմական հզորությունը, և նրա հետ հարկավոր է հաշվի նստել` որպես տարածաշրջանային խաղացողի: «Մյուս կողմից, հայ դիվանագիտությունը, կարծես, սկսել է գիտակցել, որ եկել է ժամանակը` դուրս գալու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի հին փուլից, այսինքն` փոխել դրա ընթացքը: ԵԱՀԿ Մինսկի խումբը երկար ժամանակ աչք է փակել Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության վրա, ինչն, իր հերթին, հանգեցրեց ապրիլյան ագրեսիային: Այդ առնչությամբ հարկավոր է փոխել բանակցային գործընթացի էությունը: Այո, ԵԱՀԿ ՄԽ պետք է շարունակի իր միջնորդական առաքելությունը, սակայն բանակցությունները շարունակելու համար պետք է ներմուծվեն նոր տարրեր, որոնք բացառեն Ադրբեջանի կողմից հնաավոր ագրեսիան», - նշել է փորձագետը:
Ընդ որում, արևելագետը կարծում է, որ նախնական փուլում այդպիսի տարր կարող են հանդիսանալ միջադեպերի հետաքննման մեխանիզմների ստեղծումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի ընդլայնումը: «Սակայն մենք դրանով չպետք է սահմանափակվենք: Երկրորդ փուլում ԵԱՀԿ-ն պետք է մշակի պատժիչ միջոցներ, որոնք թույլ տան նոր սադրանքներից հետ պահել հնարավոր ագրեսորին», - նշել է Սաֆրաստյանը:
Փորձագետը, միևնույն ժամանակ, համոզմունք է հայտնել, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի Ադրբեջանի կողմից արկածախնդրության` ցանկացած պահի, քանի որ պաշտոնական Բաքուն չի հրաժարվել ղարաբաղյան հարցն ուժային ճանապարհով լուծելու գաղափարից:



