Արմինֆո. Հայաստանն, անշուշտ, դեմ չէր լինի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը բարեկամ Իրանի՝ որպես միջնորդ, մասնակցությանը: Այդ մասին դեկտեմբերի 22-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Սակայն, այդ քայլը մի շարք սպառնալիքներ է պարունակում իր մեջ, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի «եռյակի» ձևաչափի փոփոխությունը կարող է հետագայում դրա փոփոխման նախադեպ ստեղծել, ինչը ձեռնտու չէ հայկական կողմին և ինչում շահագրգռված են Ադրբեջանը ու Թուրքիան»,- նշել է փորձագետը:
Միաժամանակ նա փաստել է, որ իրանական հռետորությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միշտ տարբերվել է մյուս երկրներից, ինչը միանգամայն տրամաբանական է: Նրա խոսքով, ժամանակին Իրանը քիչ բան չի արել ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադար հաստատելու համար, և Հայաստանը չի կարող չգնահատել դա: Ոսկանյանը համոզված է նաև, որ պաշտոնական Թեհրանը շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության հայամետ կարգավորմամբ՝ Ադրբեջանի օգտին հայ-իրանական սահմանի փոփոխման և տարածաշրջան խաղաղապահ ուժեր մտցնելու ցանկության բացակայության տեսակետից:
Նախօրեին Իրանի նախագաահ Հասան Ռոհանին Երևանում հայտարարել էր, որ
Իրանն ակնկալում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորում: Ընդ որում, նա հույս էր հայտնել, որ տարածաշրջանում կհաստատվի խաղաղություն և կայունություն: «Հայաստանն ու Ադրբեջանը մեզ համար բարեկամական երկրներ են, և մենք հույս ունենք, որ ականատես կլինենք տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման: Դա օգուտ կբերի ողջ տարածաշրջանին: Հարցը ռազմական լուծում չունի, և մենք ցանկանում ենք տեսնել դրա լուծումը խաղաղ ճանապարհովե, - ընդգծել էր ԻԻՀ ղեկավարը: