Արմինֆո.Սոցցանցերի հայկական սեգմենտի արձագանքը Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության առնչությամբ ադեկվատ չէ: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա հայտարարել է, որ զարմացած է սոցիալական ցանցերում հայ օգտատերերի առաջին արձագանքի, մասնավորապես՝ հնարավոր նոր ռուս-թուրքական կոնֆլիկտի և այդ առնչությամբ անթաքույց ուրախության վերաբերյալ նրանց կանխատեսումների առնչությամբ: «Մեր պատմությունը ցույց է տվել, որ Հայաստանը երբեք չի շահել ինչպես ռուս-թուրքական բախումներից, այնպես էլ՝ այդ երկրների միջև հարաբերությունների մերձեցումից»,- նշել է Աշոտյանը:
Նախօրեին Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը սպանվել է Անկարայի ժամանակակից արվեստի կենտրոնում «Ռուսաստանը թուրքերի աչերով» լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ:
Թուրքիայում ՌԴ դեսպանը մահացել է կյանքի հետ անհամատեղելի 11 հրազենային վիրավորումներից: Ռուսաստանի ԱԳՆ տեղի ունեցածը որակել է ահաբեկչական գործողություն: Ըստ նախնական տվյալների, դեսպանին կրակել է 1994 թվականին ծնված Մևլութ Մերթ Ալթընթաշը, ով ավարտել էր Իզմիրի ոստիկանական դպրոցը: Նա ցուցահանդեսի սրահ էր մտել ոստիկանի վկայականի շնորհիվ: Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի բարբարոսական սպանության կապակցությամբ: