Արմինֆո.ՌԴ դեսպանի սպանությունը խոչընդոտ չէ Մոսկվայի և Անկարայի հարաբերություններում սիրիական կարգավորման շուրջ շփման ընդհանուր կետերին ուղղված միտումների համար: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը:
Նախօրեին Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը սպանվել է Անկարայի ժամանակակից արվեստի կենտրոնում «Ռուսաստանը թուրքերի աչերով» լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ: Թիկնապահի տեսք ունեցող մարդասպանն ավելի ուշ սպանվել է թուրք ոստիկանների կողմից:
«Դիվանագետի սպանությունն, անշուշտ, նպատակ ուներ ձախողելու Սիրիայում խաղաղության հասնելուն նպատակաուղղված Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի համատեղ ջանքերը, մասնավորապես` այսօր Մոսկվայում նախատեսվող այդ երեք երկրների բանակցությունների համատեքստում: Ահաբեկչական գործողության հեղինակների մասին մասին խոսելն առայժմ վաղ է, սակայն այն, որ դա լավագույնս չի անդրադառնա Սիրայի շուրջ բանակցային գործընթացի վրա, արդեն հասկանալի է», - նշել է նա:
Այդուհանդերձ, թուրքագետի գնահատմամբ, դեսպանի սպանությունը չի հանգեցնի Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների լուրջ ճգնաժամի, և հարկ չկա ակնկալելու այնպիսի քայլեր, ինչպես Անկարայում դեսպանատան փակումը: Բացատրությունը տվյալ փուլում Անկարայի հետ հարաբերությունների խորացմամբ Մոսկվայի մեծ շահագրռությունն է, նույնիսկ` նրանց միջև առկա բավանին էական տարաձայնությունների ֆոնին: